29 Հունվար 2014, 16:41
1952 |

Հայկական վիրտուալ լեռնաշխարհը

2004-ից  գործող Հայկական վիրտուալ համալսարանը ՀԲԸՄ Սիլիկոնե հովտի մասնաճյուղի նախագծերից էր, որը գրեթե անմիջապես ձեռք բերեց դրական համբավ:

Այսօր շուրջ 65 երկրներում ներկայացված և 3000-ից ավելի ուսանող ունեցող համալսարանն իր դիմորդներին առաջարկում է հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին վերաբերվող դասընթացներ, որոնք մշակում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սթենֆորդի ու Բերքլիի համալսարանների վիրտուալ մանկավարժության մասնագետները:

Համալսարանն իր առջև նպատակ է դրել հայկական ավանդական կրթությունը մատուցել ժամանակակից մուլտիմեդիա մեթոդներով: Հայկական պատմությանը, մշակույթի հանդեպ ժամանակակից մուլտիմեդիական լուծումներով  հետաքրքրություն առաջացնելու համար վիրտուալ համալսարանը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ:

«Հայկական լեռնաշխարհ» առաջին մուլտիմեդիա գրքի շնորհանդեսը 7 նման գրքերից կազմված շարքի առաջին հատորն է, որը տեսահոլովակների, լուսանկարների, 3D պատկերների ու դինամիկ քարտեզների միջոցով ներկայացնում է հայկական լեռնաշխարհի դարավոր պատմությունը: Այն հնարավորություն է տալիս դինամիկ քարտեզների միջոցով 4 վայրկյանում տեսնել 4 000 տարվա պատմությունը: Google քարտեզներին ինտեգրված լինելու շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունի տեսնել նաև իրեն հետաքրքրող օբյեկտների շրջակայքն ու աշխարհագրական դիրքը:

Անվճար հավելվածի անգլերեն ու արևելահայերեն տարբերակները հնարավոր կլինի ներբեռնել արդեն մարտ ամսից, ինչպես պլանշետների, սմարթֆոնների, այնպես էլ համակարգիչների համար: Այն հասանելի է iBooks-ում Apple գործիքների, ինչպես նաև www.avc-agbu.org կայքում համակարգիչների և Android սմարթֆոնների համար: Դրանք նաև կտարածվեն տեսասկավառակների տեսքով:

Բացի վերոհիշյալ լեզուներից, ծրագիրը հասանելի կլինի նաև արևմտահայերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և թուրքերեն:

Թեև այս ձեռնարկն ուսումնական չէ և ավելի շատ ուղղված է շահագռգռելու ընթերցողին առավել խորացնելու ձեռք բերված գիտելիքները, սակայն յուրաքանչյուրը հնարավորություն կունենա հարցաշարերի միջոցով ստուգել ստացված գիտելիքները:

Շարքի մյուս էլ-գրքերը կներկայացնեն Հայաստանի պատմությունը, տնտեսությունը, զբոսաշրջությունն ու մշակույթը:

Այս թեմայով