19 Հունվար 2014, 15:46
1609 |

Լուսանկարը չես հերքի

Հալեպահայ Րաֆֆի Քորթոշյանը դեռ 2004-ին ուշադրություն է դարձրել հալեպահայության մի քանի սերունդների ոչ նյութական ժառանգությանը՝ եկեղեցիներ, մատուռներ, հայերեն արձանագրություններով շիրմաքարեր, նաև գաղթի ճամփեքով Էրգրից բերած ձեռագործ նմուշներ, գրքեր, նկարներ։ Գիտակցելով, որ ժամանակն այդ արժեքները մի օր կուլ կտա, Րաֆֆին վճռել է սեփական նախաձեռնությամբ լուսանկարել դրանք ու որպես վավերագրություններ՝ պահել-պահպանել։ 2006-ին Հալեպից եկել է Հայաստան ու  հաստատվել։  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանին նա տեղեկացրել է իր մտադրության մասին։ Ոգևորիչ արձագանքին հետևել է լուսանկարչական սարքով ու ուսապարկով ուղևորությունը Հալեպ։ Շրջելով քաղաքով մեկ՝ ուսումնասիրել ու լուսանկարել է հայատառ ու հայաշունչ յուրաքանչյուր մասունք։ Ընդհանուր առմամբ ստացվել է 2500 արձանագրություն, որոնցից 2000-ը մինչև այդ երբևէ արձանագրված ու ներկայացված չի եղել։ Րաֆֆին հատկապես ուշադրություն է դարձրել Հալեպի հայկական գերեզմանոցին, որն ամփոփում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների ողբերգական պատմությունը։ Հայերը 19-րդ  դարի վերջերին ու 20-րդի սկզբներին հետաքրքիր ավանդույթ են ունեցել՝ տապանաքարին գրել ոչ միայն ծննդյան ու մահվան տարեթվերը, այլև հանգուցյալի կյանքի մանրամասները։ Այդ մշակույթի շնորհիվ հատկապես օտար ափերում պահպանվել են կարևոր տեղեկությունններ հայերի, նրանց մշակույթի, զբաղմունքի, կենցաղավարության մասին։ Սա նաև հայագիտական, պատմագրական մեծ արժեք ունի։ Այս արձանագրությունները  ստույգ տեղեկություն են տալիս, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են հայերը հայտնվել օտար երկրներում և թե ո՞րն է եղել նրանց հայրենիքը։ Օրինակ՝ Հալեպի հայկական գերեզմանոցի տապանաքարերի վրա գրված է, թե ո՞րն է հանգուցյալի հայրենիքը, որտեղի՞ց է եկել ու ո՞ր թվականին։ Վան, Էրզրում, Կիլիկիա, Մուշ, Իգդիր, Բաղեշ, Կարս. տապանաքարերին գրված են Արևմտահայաստանից Հալեպ գաղթածների հայրենի քաղաքների անուններն ու տեղահանման թվականները, մասնագիտությունն ու հասարակական դիրքը։ Սրանք ծանրակշիռ վկայություններ են՝  Հայոց ցեղասպանության իրողության արժանահավատ փաստեր։ Շիրմաքարերի արձանագրությունները բաժանվում են 2 խմբի՝ մինչև 1915 թվական և 1915-ից հետո։  Եվս մի փաստ, որ ուղղակի կամ անուղղակի կերպով վկայում է Սիրիայի հարևան պետության մեջ՝ Թուրքիայում,  20-րդ դարասկզբին կատարված Հայոց ցեղասպանության ու դրա հետևանքների մասին։

Հետաքրքիր է, որ Եղեռնը վերապրողների առաջին սերունդն է միայն շիրմաքարերի վրա բծախնդրորեն արձանագրել կենսագրական ու պատմագրական փաստերը։ Երկրոդ սերունդը նվազ տեղեկություն է թողել, իսկ երրորդը՝ գրեթե ոչինչ իր հայրենիքի ու կենսագրական մանրամասների մասին։ Պատճառը պարզ է. երկրորդ ու երրորդ սերունդները, որքան էլ իրենց արևմտահայի ժառանգ համարեին, այնուամնայնիվ, ծնունդով Հալեպից են, ու երկրի կարոտը չեն ապրել, իսկ առաջին սերունդը մտածված, թե ենթագիտակցորեն անգամ քարերի վրա է փորագրել իր անդառնալի կարոտը, իր կարսեցի, էրզրումցի կամ վանեցի լինելը։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը փաստում է, որ Եղեռնը վերապրողների առաջին սերունդն ուր էլ գնացել՝ Արևելահայաստան, թե Սիրիա, Հնդկաստան, թե Բալկաններ, շիրմաքարերի վրա ինքնակենսագրական մանրամասներով արձանագրություններ է թողել։

«Հալեպի արձանագրությունները» գիրքը հրաշքով է կազմվել։ Րաֆֆի Քորթոշյանը Սիրիայի պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ է ավարտել իր ուսումնասիրությունները։ Հազիվ է հասցրել լուսանկարչական սարքով արձանագրել Հալեպի հայկական ժառանգությունն ու արձանագրությունները, երբ ռուբեր են պայթել, ու Հալեպը վերածվել է ավերակների ու մոխրակույտի։ Ոչ ոք չգիտի՝ հայկական Հալեպից ի՞նչ է մնացել, պահպանվո՞ւմ է արդյոք հայկական պատմական գերեզմանոցը, որտեղ թաղված է նաև Հակոբ Օշականը։ Հայտնի է, որ եկեղեցիներ են այրվել, քանդվել ու թալանվել, մասունքներ են ոչնչացվել։ Բայց պատերազմը մի օր կավարտվի, պատերազմը լուսանկարներին չի հասնի։ «Հալեպի արձանագրությունները» կփաստեն հալեպահայության նախաստեղծ ժառանգության մասին։

Այս թեմայով