11 Հունվար 2014, 13:28
1242 |

ՀՄԸՄ-ի նոր գործիքները

ՀՄԸՄ պատմության մեջ առաջին անգամ կազմակերպությունը հայտարարել է  համակարգչային գերհսկա Google կորպորացիայի հետ կնքած համաձայնագրի մասին: Նախագիծը  ՀՄԸՄ-ին  հնարավորություն կտա ձեռք բերել կազմակերպչական հմտությունները զարգացնող բազմաթիվ գործիքներ, ինչպիսիք են AdWords,Google Analytics և այլն: Սրանից զատ, Google -ը ծրագրի հաջողակ իրակականացման համար կներդնի նաև  իր ուսումնական մարզիչների ներուժը: Ծրագրային մարզումները կտևեն 3 ամիս:

Ծրագիրն առայժմ կկենտրոնանա ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան հոմընթմենական կենտրոններում: Հայ Մարզիկների և Սկաուտների Գլխավոր Միությունը ՀՄԸՄ-ն բնութագրում է որպես աշխարհի 5 մայրցամաքներով ավելի քան 25 000 անդամ ունեցող ոչ պետական կառույց:

Այսoր Հոմընթմենն ունի 104 գլխամասեր, որոնցից 18ը՝ ավելի քան 6800 անդամներով ԱՄՆ Արևելյան, և 10-ը՝ 2000-ից ավել մասնակիցներով, ԱՄՆ Արևմտյան տարածաշրջաններում: Բավականին բարդ է նման հսկա կազմակերպության բոլոր նախագծերի միաժամանակյա արդյունավետ կառավարումը: ՀՄԸՄ կենտրոնական վարչության նախագահ Կարնիգ Մեգերդիչյանը նշել է. «ՀՄԸՄ-ի պես գլոբալ կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի աջակցի թե իր անձնակազմին, և թե՛ աշխարհով մեկ սփռված կամավորական մեծ բանակին: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք միասին ավելի արդյունավետ աշխատել: Google Apps-ը հնարավորություն կտա մեր կազմակերպության ծանր աշխատանքը դարձնել ավելի «խելացի», իսկ Google-ի տրամադրած գործիքների շնորհիվ՝ ավելի արդյունավետ: Սակայն սա չի նշանակում, որ մեր անդամների մասին տեղեկությունները կհայտնվեն համակարգչային գերհսկայի սերվերներում: Այս համագործակցությունն ուղղված է ավելի դյուրին դարձնելու ՀՄԸՄ աշխատանքը»:

Դեռևս 2011-ի սեպտեմբերին ՀՄԸՄ Գլխավոր Ասամբլեայի ժամանակ հայտարարվել էր ռազմավարական պլանավորման գործընթացի սկիզբը: Այն ներառում էր նաև գործընթացների ավտոմատացումն ու բիզնես վերլուծությունների դյուրինացումը: Google-ի տրամադրած գործիքներն այդ նպատակներին հասնելու գործընթացն էլ ավելի կհեշտացնեն:

«Google Apps-ի oգնությամբ մենք նոր աջակիցներ կներգրավենք մեր կայքում, և AdWords ծառայության միջոցով կտեղադրենք մեր ամենաարդյունավետ գովազդները, սոցմեդիայի էֆեկտիվությունը գնահատելու համար կկիրառենք Google Analytics-ը»,- նշեց հաղորդակցության ռազմավարական պլանավորման գլխավոր  խորհրդի ներկայացուցիչ Վիգեն Դավիդյանը:

1918-ին հիմնված կազմակերպության գլխավոր նպատակն է կրթության, սպորտի ու սկաուտական գաղափարներոի միջոցով  դաստիարակել oրինակելի քաղաքացիներ: Եվ նորանոր տեխնոլոգիաների ներդրումն այդ նպատակների իրականացման կարևոր պայմաններից է:

Այս թեմայով