02 Դեկտեմբեր 2013, 17:04
1537 |

Բարեկամության ևս մեկ արձան

1997-ին Մոսկվայի 850-ամյակի առթիվ Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում' «Նիկիտյան դարպասներ»-ի պուրակում, բացվեց հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» հուշարձանը: Հուշարձանի նույնատիպը այս տարի դեկտեմբերի 2-ին բացվեց Երևանում: Հուշարձանի գեղարվեստական արժանիքները քանդակագործ Ֆրիդ Սողոյանի դեպքում մոտավորապես նույնն են նրա գրեթե բոլոր աշխատանքներում՝ նվիրված բարեկամության, հիշատակի, նահատակության թեմաներին և պարտաճանաչ ուղեկցվող տարբեր չափսերի խաչերով: Հուշարձանի համահեղինակ են նաև Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

Հուշարձանի բացումը ուղղակիորեն կապված էր դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Գյումրի կատարած այցի հետ: Բայց դեկտեմբերի 2-ը ևս մեկ իրադարձություն է հիշեցնում, որը մութ ամպեր է հավաքում այդ 4,5-մետրանոց կոթողի շուրջ: Հեռավոր 1920-ին հենց այդ օրը Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակը մտավ Երևան, ու Հայաստանը հռչակվեց անկախ սոցիալիստական հանրապետություն: Զուգադիպությո՞ւն, միգուցե:

Հուշարձանը գտնվում է Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի շենքի դիմաց:

Զույգ քույրերի նմանվող երկու կանայք՝ գլխաշորով և գլխահակ, իբր գրկել են իրենց ընդհանուր հավատի՝ քրիստոնեության խորհրդանիշը, իսկ պատվանդանին փորագրված է «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:

Այս թեմայով