28 Նոյեմբեր 2013, 15:38
1512 |

Բացասականի դրականը

Մշակույթն ու արվեստը հասարակության խնդիրներն արծարծելու և սոցիալական անարդարության դեմ պայքարելու ամենաճկուն միջոցն են: Մեր օրերում, երբ համացանցն այդքան արագ հնարավորություն է տալիս տարածել ցանկացած տեղեկություն, սոցիալական խնդիրներն ու հարցերը կայծակնային արագությամբ են տարածվում հասարակության մեջ: Արձագանքը, որպես կանոն արտահայտվում է բողոքի միջոցով: Ու այս ամենի արդյունքում արվեստը նույնպես բողոքական դիրքորոշում է ընդունում սոցիալական հարցերին անդրադառնալիս:

«Էյվա» արվեստների հիմնադրամն արդեն մեկ տարի է, ինչ հայկական սոցիալ-հասարակական հարթակում հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին կարծիք արտահայտել սոցիալական արվեստի միջոցով: Ու թերևս լավագույն արտահայտչամիջոցը սոցիալական թեմատիկ պաստառներն են: Մեկ տարի շարունակ «Էյվա» հիմնադրամն իրականացրել է բազում ծրագրեր՝ փորձելով Հայաստանում զարգացնել «Արվեստը մեդիայում» և սոցիալական արվեստն առհասարակ:

Նոյեմբերի 27-ին հիմնադրամը սոցիալական պաստառների ցուցահանդեսով ամփոփեց «Արվեստը մեդիայում» նախագիծը, որի նպատակը հասարակության շրջանում առկա, բայց անտեսված սոցիալական խնդիրների բարձրաձայնումն էր:

«Մեր հասարակության մեջ առկա բազմաթիվ խնդիրները կամ կորչում են առօրեա թոհուբոհում, կամ էլ այդ խնդիրների շուրջ քննարկումները բացասական շեշտադրումներով են ընթանում: Մենք ցանկանում ենք հասարակության մեջ տարածել սեփական խոսքն ու կարծիքն արտահայտելու դրական տարբերակը: Միտքն ու բողոքը պատկերելու ընթացքում ակամայից խնդիր լուծման առաջարկներ են ծնվում»,- կարծում է «Էյվա» հիմնադրամի տնօրեն Լիա Մխիթարյանը:

Հիմնադրամը մեկ տարվա ընթացքում իրականացրել է բազում դրական ծրագրեր: Մասնավորապես, «ՍոցիալԱրտ» բիենալեն, որի ընթացքում Անգլիական այգու այցելուները հնարավորություն ունեցան իրենց մտահոգող թեմաներն արտացոլել ստվարաթղթե տուփերի վրա: Մեծ ու փոքր, ծանոթ ու անծանոթ, մի քանի ժամով, վրձինը ձեռքներին ստեղծեցին մի այլ աշխարհ, որտեղ գերակշռում են գույները, իսկ առօրեական խնդիրներն ու հոգսերը այլ՝ պոզիտիվ երանգ ունեին:

Լիա Մխիթարյանը համոզված է, որ նմանատիպ նախագծերում երեխաների մասնակցությունը անհրաժեշտ է, քանի որ երեխաները ստեղծարար են, ու նրանց պատկերացմամբ հասարակությունն այլ երանգ ունի: Հասարակական տարբեր շերտերի երեխաների հետ հիմնադրամը ստեղծեց փոստային բացիկների շարք, որոնք արտահայտում են մանկական վերաբերմունքը սոցիալական տարբեր հարցերին:

Թեև «Արվեստը մեդիայում» նախագիծն արդեն ավարտված է, սակայն թեման դեռ չի փակվել: Խնդիրներն ինչպես կաին, այնպես էլ մնում են և այս ոլորտը պարարտ հող է յուրաքանչյուր նկարչի ու չնկարի համար,որպեսզի արտահայտի իր մտքերն ու ստեղծի իր պաստառը: Հիմնադրամն էլ պատրաստ է ամբողջությամբ աջակցել յուրաքանչյուրին:

Այս թեմայով