23 Նոյեմբեր 2013, 19:09
1644 |

Վիքիի, հայերի ու հուշարձանների սերը

Լուսանկարների աշխարհի խոշորագույն՝ «Վիքին սիրում է հուշարձաններ- 2013» մրցույթին այս տարի առաջին անգամ միացավ նաև Հայաստանը: Առաջին անգամ այս խոշորագույն՝ Գինեսի գրքի ռեկորդագիր ֆոտոմրցույթին մասնակից հայաստանցի վերբեռնողներն աչքի ընկան իրենց ակտիվությամբ: Սեմպտեմբերի 1-ից 30-ը տևած մրցույթում յուրաքանչյուրը կարող էր լուսանկարել ՀՀ Կառավարության մշակութային արժեքների ցանկում ընգրկված հուշարձաններն ու վերբեռնել դրանք «Վիքիպահեստ»: Արդյունքում Հայաստանից ներկայացվեց 23 920 լուսանկար, որոնցից ժյուրին ընտրեց 100-ը, այնուհետև առանձնացրեց լավագույն յոթնյակը:

Հայ մասնակիցներ Վահագն Գրիգորյանն ու Արման Մուսիկյանը  համաշխարհային վերբեռնումների քանակով զբաղեցրել էին համապատասխանաբար 6-րդ և 8-րդ տեղերը՝ ավելի քան 4000 լուսանկարներով: Մրցույթին Հայաստանի մասնակցությունն իրականություն դարձավ «Վիքիմեդիա Հայաստանի» շնորհիվ: Գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակներից մեկը կրթական, գիտական ինչպես հայերեն, այնպես էլ այլալեզու նյութերի ստեղծմանն աջակցելն ու Հայաստանն ինտերնետ հասարակությանը ներկայացնելը:

Միջազգային նման մրցույթի մասնակցությունն անշուշտ լավ հնարավորություն է ոչ միայն Հայաստանն աշխարհին լուսանկարների միջոցով ծանոթացնելու, այլև հայկական մշակույթն ու պատմությունը տարածելու համար: Հայ մասնակիցներից շատերն արդեն իրենց լուսանկարների հիման վրա սկսել են հոդվածներ գրել:

Մեկ ամիս տևած մրցույթի շրջանակներում Երևանում և մի քանի խոշոր քաղաքներում կազմակերպվեցին ֆոտոզբոսանքներ, որտեղ մասնակիցներին հնարավորություն էր ընձեռնվում բացահայտելու նորանոր հուշարձաններ:

Այս լուսանկարչական զբոսանքների աշխարահագրությունը թեև այնքան էլ լայն չէր, սակայն արդյունքը շլացնող էր: Զբոսանքներն իրականացվել են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Շուշիում և Գորիսում: Քաղաքների ընտրությունը կատարվել է՝ համաձայն տեղի վիքիհամայնքի ակտիվության:

Ընտրված լուսանկարներով «Վիքիմեդիա Հայաստան»-ը նախատեսում է կազմակերպել ցուցահանդես, որը Երևանից զատ կշրջի նաև վերոնշյալ քաղաքներում: Այսպիսով սկսնակ ու պրոֆեսիոնալ լուսանկարիչ մասնակիցները հնարավորություն կունենան մեկ հարկի տակ տեսնել իրենց աշխատանքները: Ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված 30 լուսանկարներով կհրատարակվեն լուսանկարչական ալբոմ և օրացույց:

Հատուկ մրցանակների համար պայքարում էին շուրջ 35 մասնակիցներ: Առաջին մրցանակին արժանացավ 27-ամյա ճարտարապետ Աիդա Այդինյանը: Նա մրցույթի մասին տեղեկացել էր սոցիալական ցանցերից մեկում ու որոշել մասնակցել:

- Լուսանկարչական սաքր չունեի ու ամեն անգամ երբ ձեռքս ապարատ էր ընկնում, առիթը բաց չէի թողնում լուսանկարելու: Արդյունքում մոտ 50 լուսանկար ուղարկեցի մրցույթին ու նույնիսկ հույս չունեի որևէ մրցանակային տեղ՝ առավել ևս առաջին, զբաղեցնելու:

Աիդան հավելեց նաև, որ հաղթանակն ու մրցանակը՝ լուսանկարչական ապարատը, ոգեշնչման նոր աղբյուր դարձան նրա համար:

«Վիքին սիրում է հուշարձաններ, Հայաստան-2013» լուսանկարների մրցույթն արդեն անցյալում է, սակայն առջևում է դեռ համաշխարհային մրցույթի մրցանակաբաշխությունը: Ու միգուցե հայաստանցի լուսանկարիչներից մեկը համաշխարհային մրցութում նույնպես տեղ զբաղեցնի: 

Այս թեմայով