22 Հոկտեմբեր 2013, 12:47
1457 |

The Beautified Project-ի նոր ալբոմը

Հոկտեմբերի 21-ին Տիկնիկային թատրոնում էին հավաքվել The Beautified Project ռոք բենդի ընտանիքի անդամները՝ նրանց հավատարիմ երկրպագուների բանակը: Բենդի թվով երրորդ United We Fall ալբոմի համերգ-շնորհանդեսն էր: Ալբոմը գրվել է 14 ամիսների ընթացքում: Խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանը խոստովանում է. «Ինձ համար ամենաբարդ ալբոմն էր, հատկապես ձայնագրման ընթացքը: Պահեր կային, որ իսկապես ընկճախտի մեջ էի ընկնում: Փորձում էինք ծանրացնել հնչողությունը՝ հավատարիմ մնալով ձեռագրին: Հիմա գոհ եմ արդյունքից»:

Ձայնասկավառակում տեղ են գտել 8 նոր ստեղծագործություններ և 9-րդ բոնուս թրեքը՝ հայտնի «Կիլիկիա» երգի քավր տարբերակը: Ալբոմի ձայնագրությունների ընթացքում խմբի տղաներին՝ Անդրեին, Առլենին, Արմենին, Րաֆֆուն ու Դերիկին միացել է նաև հրավիրյալ երաժիշտ, բաս կիթառահար Արթուր Մոլիտվինը: Ձայնասկավառակի վրա պատկերված անիրական կնոջ կերպարըժամանակակից Եվան է, տղաների մեկնաբանությամբ նա կրկին վտարվել է այս աշխարհից փողի հանդեպ չափազանց մեծ սեր ցուցաբերելու համար:

Բացի վերջին երգից, մնացած ստեղծագործությունները կրկին անգլերենով են: Երգերը աշխարհում տեղի ունեցող արդիական իրադարձությունների, ժողովուրդների հոգեվիճակի, հարուստների ու աղքատների միջև մեծացող ճեղքի, մարդու միայնության, նորագույն տեխնոլոգիաների մասին են: «Մութ ալբոմ է ստացվել, ագրեսիան այս ձայնասկավառակում շատ է», - նշում է Անդրեն:

Բացի նոր ձայնասկավառակից, բենդը օրեր առաջ իր երկրպագուներին ներկայացրեց արդեն սիրված Save me երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Ռեժիսոր Արվին Քոչարյանը նոր կոնցեպտ է ներկայացրել՝ հավատարիմ մնալով սև ու սպիտակ գույներին: Տեսահոլովակի ընթացքում խմբի տղաների հետ հավասար երգում են The Beautified Project-ի «ընտանիքի» անդամները՝ հավատարիմ երկրպագուները:

Այս թեմայով