14 Հոկտեմբեր 2013, 15:47
4876 |

Երևանցիները թագադրվեցին

Էրեբունի-Երևանի 2795-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքի արտաքին ձևավորման համար քաղաքապետարանի ներկայացրած տարբերանշանն ու կարգախոսը, մեղմ ասած, չսիրվեցին: Տոնակատարությանը նախորդած 10 օրերի ընթացքում ֆեյսբուքյան ակտիվ և ողջամիտ հատվածը բոլոր հնարավոր ձևերով կապկում էր ներկայացված տարբերանշանը, հեգնում «Իմ սրտի ուղեկից» կարգախոսը, որը, ինչպես կհիշեք, առանձնապես չէր տարբերվում անցյալ տարի ներկայացված «Իմ սրտի մայրաքաղաք»-ից: Մի քանի օր անց ձեռառնոցին իսկական բողոքի ալիքի վերածվեց. ակտիվ օգտատերերը փոխում էին իրենց գլխավոր նկարը դեռևս գարնանը Երևանի տարբերանշանի համար հայտարարված մրցույթում ֆավորիտ ճանաչված լոգոյով: Դիզայներ Արարատ Մկրտչյանի հեղինակած լոգոն մի կողմից յուրօրինակ նոր մեկնաբանությունն է Երևանի զինանշանը համարվող առյուծի գլխին պատկերված թագի, իսկ մյուս կողմից գրաֆիկական լուծումն այնպիսին է, որ թագի երեք հատվածների միջև գոյանում է անգլերեն «Y» տառը, որով սկսվում է Երևանի անվանումն անգլերեն:

Ֆեյսբուքյան կրքերը բորբոքվում էին, գլխավոր նկարները՝ մեկը մյուսի հետևից դաջվում այդ լոգոյով, բայց որևէ բան փոխելն արդեն անհնար ու անիմաստ էր. տոնակատարությունների շրջանակում քաղաքապետարանի ներկայացրած տարբերանշանով դրոշները, շարֆերը, գլխարկները, շապիկներն ու այլ «զռթիկներն» արդեն պատրաստվել էին: Մնում էր միայն մեկ տարբերակ՝ լուսանկարիչ Վահան Ստեփանյանի թեթև ձեռքով անմահանալ հոբելյանական թագով:

Օրը՝ կիրակի, ժամը՝ 12:00-15:00, վայրը՝ Uptown, լուսանկարիչ՝ Վահան Ստեփանյան, լուսարձակ բռնող՝ Արա Ասլանյան, դերերում՝ ով ուզի: Ճիշտ է, կիրակնօրյա առավոտյան քաղցր քունը շատերն էին ափսոսացել, բայց բոլոր նրանք, ովքեր չէին ալարել հանգստյան օրով դուրս գալ տնից, պաշտոնապես «թագադրվեցին». նստած կամ կանգնած, ժպտացող կամ տխուր, բեղերով կամ պոչիկներով, հպարտ կամ համեստ, գզգզված կամ կոկիկ, մայրը՝ երեխան գրկին, մարդ ու կին՝ մի մարմին, ծխախոտով կամ ակնոցով: Ժամը 15-ի սահմաններում քաղաքապետարանի սրտիկատիպ լոգոն բոյկոտողների մեծամասնությունն արդեն պաշտոնապես թագադրված էին:

Այս թեմայով