24 Սեպտեմբեր 2013, 21:49
1906 |

Ցեղասպանության կրիչներ

Արշալույս Մարտիկանյան. ԱՄՆ-ը նրան անվանել է հայկական Ժաննա դ’Արկ։ Նյու-Յորքում 1918-ին լույս է տեսել նրա «Հոշոտված Հայաստան» հուշագրությունը`եղեռնի ականատեսի փաստավավերագրական առաջին վկայությունը։ Գրքում ներկայացված է աքսորի ճանապարհի արհավիրքը, թե ինչպես 14 տարեկանում ընտանիքը կորցնելով`դեգերումների ընթացքում խոշտանգվում ու պատվազրկվում է թուրք ու քուրդ բարձրաստիճան պաշտոնյաների հարեմներում։ Երկու տարվա մղձավանջային տանջանքներից հետո փախչելով Քեմալ էֆենդիի հարեմից`աղջնակը պատսպարվում է Էրզրումում, հետո գնում Պետերբուրգ, ապա` ԱՄՆ, որտեղ էլ մշտական բնակություն է հաստատում։

Ամերիկյան  Մետրո Գոլդվին Մայեր կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելն Արշալույս Մարտիկանյանի «Խոշտանգված Հայաստան» գրքի հիման վրա նկարահանել է «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը` Հայոց ցեղասպանության մասին պատմող գեղարվեստական առաջին կինոնկարը։ Արշալուսն էլ հենց մարմնավորել է գլխավոր հերոսուհուն`այսինքն իրեն` այս անգամ նկարահանման հրապարակում անցնելով թուրքական գեհենի միջով։ Նա մեծ դեր է ունեցել նաև դերսանների կերպարների, հագուստների ստեղծման, տեսարաններն ու պատկերները ճշգրիտ վերարտադրելու գործում։

«Հայփոստը» Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ թողարկել է դրոշմանիշ` նվիրված Արշալույս Մարտիկանյանին, որը հայտնի է Ավրորա Մարդիգանյան անունով։ Սեպտեմբերի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի է ունեցել այդ, ինչպես նաև գերմանացի աստվածաբան, հայասեր Յոհաննես Լեփսիուսի և անգլիացի դիվանագետ Ջեյմս Բրայսի պատկերներով դրոշմանիշերի մարման արարողությունը։ Փակցվելով նամակներին ու տարածվելով աշխարհով մեկ` խորհրդանշական դրոշմանիշերը կդառնան ուղերձ միջազգային հանրությանը։ Դրանք կրիչներ են՝ ամփոփող հայերի եղերական պատմությունն ու արդարության պահանջը։   

Այս թեմայով