21 Սեպտեմբեր 2013, 11:11
1613 |

Դանիական մոտեցում հայկական գանձերին

Սեպտեմբերի 19-ին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում բացվել է հայ նկարիչների բացառիկ ցուցահանդես, որը կազմակերպել է Cath Alexandrine Danneskiold-Samsøe Gallery-ն: Հայտնի գալերիստ, դանիացի բարոնուհի Քեյթ Ալեքսանդրին Դանեսկիոլդը՝ Դանիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ, դիմել է Hi-artonline նախագծին՝ առաջարկելով ներկայացնել հայ կերպարվեստի հավաքածուն իր պատկերասրահում:

«Առաջին անգամ Կոպենհագենում հայ հեղինակների աշխատանքների լայնամասշտաբ ցուցահանդես-վաճառք կազմակերպելու՝ դանիական կողմի ցանկությունն ու հետաքրքրությունը պատահական չէ,- պատմում է «ԱԱ Աճուրդ»-ի տնօրեն, Hi-artonline նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը:- Դրանում կա նաև Դանիայում հայկական սփյուռքի այն ներկայացուցիչների արժանիքը, ովքեր իրենց էներգիան և ուժերը ներդրեցին նախագծի մեջ»:

Քեյթ Ալեքսանդրին Դանեսկիոլդի խոսքով՝ «Չբացահայտված գանձերը» ցուցահանդեսը լիովին համապատասխանում է իր խորագրին. Հայաստանի կերպարվեստը դանիացի հանդիսատեսին առաջին անգամ է ներկայանում նման մասշտաբով: «Ցուցահանդեսին հրավիրված է ավելի քան 700 հյուր՝ գալերիստներ, հավաքորդներ, թանգարանների տնօրեններ՝ Կոպենհագենի ամբողջ վերնախավը: Ներկայացված են հայտնի հայ հեղինակների գլուխգործոցները՝ Մարտիրոս Սարյան, Լևոն Թութունջյան, Սերգեյ Փարաջանով, ժամանակակից հեղինակներ Գայանե Խաչատրյան, Վարուժան Վարդանյան, Զոհրաբ Միրզոյան, Հենրի Էլիբեկյան, Այվազ Ավոյան, Տիգրան Ասատրյան: Ցուցադրության կարևոր շեշտը դրված է հայազգի հանրաճանաչ աբստրակտ էքսպրեսիոնիստ Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքի վրա»,- համոզված է Քեյթ Ալեքսանդրինը:

Ցուցահանդեսի համար աշխատանքների ընտրությունը հիմնվել է դանիական կողմի հետ համատեղ քննարկումների վրա: Բայց և այնպես Hi-artonline-ն իր կողմից ջանացել է միավորել դասական գլուխգործոցներն ու ժամանակակից ռեալիզմը, ցույց տալ սերունդների կապը: Ի դեմս նկարիչներ Վահրամ և Ռուբեն Աբովյանների՝ ցուցահանդեսում իր ավանդն ունի նաև Լիբանանի հայկական պատկերասրահը: Hi-artonline-ը ցուցահանդեսում ներկայացնում է տասը հեղինակ: Բացի այդ, ցուցադրության մեջ տեղ են գտել դանիահայ նկարիչների աշխատանքներ: Աննա Գրիգորյանը համոզված է, որ այդ իրադարձությունը հյուսիսեվրոպական երկրների հետ արվեստի ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի և կդառնա առաջին քայլը հայ արվեստը ներկայացնող լայնամասշտաբ ցուցահանդեսների շարքում:

Դանիացիները հայկական գանձերը կբացահայտեն մինչև նոյեմբերի 9-ը:

Այս թեմայով