06 Սեպտեմբեր 2013, 19:50
1664 |

Հաղթական մարաթոն

120 հոգանոց խմբերի կողքին' 7 հոգանոց «Մարաթուկ»։ Բուլղարիայի 4 քաղաքներում Մգրո Սարգսյանի անվան «Մարաթուկ» ազգագրական երգ ու պարի համույթը 23 երկրների 100-ից ավելի երաժշտակական խմբերի թվում մասնակցել է World Folk 2013 ֆոլկլյորի համաշխարհային 3-րդ մրցույթ-փառատոնին։ «Մարաթուկը» վերադարձել է գլխավոր մրցանակներով' Ոսկե մեդալ, Աշխարհի չեմպիոնի տիտղոս, Ոսկե Օրփեուս, ինչպես նաև ֆոլկլյորը պատվով ներկայացնելու և բեմական լավագույն պահվածքի դիպլոմներով։ «Մարաթուկը» փառատոնի դափնեկիր է. ժյուրին խոսովանել է' իրենց համար հայկական համույթն իսկական հայտնություն էր։ Հենց այդպես էլ ձևակերպել են հաջորդ դիպլոմի անունը' հայտնության դիպլոմ։

Բուլղարիա են մեկնել ոչ ամբողջ կազմով։ Ֆինանսական սուղ միջոցները, որ տրամադրել են մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը, թույլ են տվել փառատոնին մասնակցել միայն 7 հոգու։ Պարողները 4-ն էին' երկուական աղջիկ և տղա, բայց Քոչարիով ու Յարխուշտայով թնդացրել են բուլղարական բեմերը։ Համույթի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Թորոսյանը պատմեց, որ «Մարաթուկն» իր 30-ամյա կենսագրության ընթացքում երկրորդ անգամն էր Բուլղարիայում։ Առաջինը 1987-ին էր։ Դրանից հետո այլևս փառատոների չեն մասնակցել ավանդական պատճառով' փող ու հովանավոր չեն գտել։ Այդ ընթացքում համերգային որոշ շրջագայություններ եղել են։ Մարաթուկցիները մեծ խանդավառությամբ են պատմում 2011-ի ստամբուլյան համերգների մասին։ Տեղեկանալով Բուլղարիայի փառատոնի հաղթանակի մասին' ստամբուլահայությունը մեծ շուքով է դիմավորել իրենց քաղաքում վայրէջք կատարած Բուլղարիա-Ստամբուլ-Երևան ինքնաթիռի 7 ուղևորներին։ Հանդիպումը վերածվել է տոնական համերգի։ «Մարաթուկը» հպարտությամբ է հիշում նաև Դերսիմի համերգները։ «3000 մ բարձրության վրա' Մարաթուկ լեռան լանջերին, հնչեցրել ենք հայ երգը, Քոչարի բռնել, հայոց եռագույնը ծածանել։ Անբացատրելի զգացողություններ ունեինք այն պահին, երբ թուրք ոստիկանների հսկողությամբ հայ ազգագրական երգեր էինք երգում»,- պատմեց Երվանդ Թորոսյանը։

«Մարարթուկը» պատրաստվում է հոկտեմբերին տոնել հիմնադրման 30-ամյակը։ Արդեն սեփական հարկն ունի, որտեղ անց է կացնում փորձերը։ Գեղարվեստական ղեկավարն ուրախությամբ նշեց. «Ամեն օր 2-3 երիտասարդ է գալիս մեր կենտրոն ու ցանկություն հայտնում դառնալ մարաթուկցի»։

Այս թեմայով