31 Հուլիս 2013, 15:19
81 |

Էրեբունիում սյունազարդ պալատ է պեղվել

Էրեբունի հնավայրում ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները։ Դրանց արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է Ք.ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։

Արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպը նշում է, որ պեղումների այս փուլի շնորհիվ իրենք կարողացել են գտնել մի շատ կարևոր հարցի պատասխան. «Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանն այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաև ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքը բավական տուժել է ուժեղ երկրաշարժից։ Այս պեղումներից հետո մենք պետք է սերտորեն համագործակցենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ և միասին մտածենք, թե ինչպես Էրեբունին առավել մատչելի ու ըմբռնելի դարձնենք լայն հանրությանը՝ այդ թվում նաև Երևանի հյուրերին»։

Էրեբունի Միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոն կկառուցվի: Այն լուսաձայնային սեզոնային ներկայացման միջոցով այցելուներին առավել պատկերավոր կներկայացնի քաղաքի հիմնադրման, քաղաքային կյանքի և քաղաքի կործանման պատմությունը: Ամֆիթատրոնի կառուցումը թանգարանի արդիականացման ու այցելուների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրի մի մասն է, որում ընդգրկված են հնավայրի պահպանությանը և թանգարանի արդյունավետ կառավարմանն անհրաժեշտ առաջնահերթություններ' հնավայրի ցանկապատում, ամրոցի պատերի փլուզված հատվածների մասնակի վերականգնում ու ամրակայում, Խալդի աստծո տաճարի և կից պաշտամունքային աշտարակի վերականգնում, որմնանկարների տեղադրում, Կարասային սրահի մի հատվածի վերականգնում և այլն։

Այս թեմայով