14 Հուլիս 2013, 22:10
2278 |

Սթրիթբոլ հայկական ձևով

Երևանի Հյուսիսային պողոտա, դրա մեջ զարմանալիորեն հաջող ներմուծված բասկետբոլի հրապարակը, կոշտ մրցակցություն և հարյուրավոր երկրպագուներ: Անիրական էներգետիկա և դրայվ: Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ փողոցային բասկետբոլի չորրորդ մրցաշարի ազգային նախընտրական փուլը` Red Bull King of the Rock:

Այն սթրիթբոլի պատմության մեջ առաջին մրցաշարն է, որն անցկացվում է Ալկատրաս հանրահայտ մեկուսարանի բակում, որը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյի ծոցում: Բանտն անվանում են նաև The Rock: Այստեղից էլ գալիս է մրցաշարի անվանումը: King of the Rock 2013 կոչման համար համաշխարհային եզրափակչում կմրցի 64 բասկետբոլիստ` աշխարհի 23 երկրի ազգային նախընտրական փուլերի հաղթողները: Եվս 41 տեղ հատկացված է ԱՄՆ մարզիկներին: Բացի տիտղոսից, «Ժայռի արքան» կստանա դրամական պարգև` 20 000 դոլար:

Հայաստանի պաշտոնական նախընտրական փուլ անցան 64 մասնակից (3-ը աղջիկ), որոնք մրցում էին անհատական պայքարում, պարտվողը դուրս էր մնում, իսկ հաղթողը` շարունակում պայքարը: Հարյուրավոր մարդիկ, շունչը պահած, հետևում էին մրցույթին: Պայքարը գնալով թեժանում էր: Առաջնությունը վարող հայտնի վրացի շոումեն Սամորի Բալդեն ոչ միայն մեկնաբանում էր խաղը, այլև հասցնում էր ռեպ կարդալ ու պարել, ոգևորել և նախապատրաստել հանդիսատեսին եզրափակիչ խաղին:

«Այսքան էներգիա ու մարդկանց կողմից նման աջակցություն, զիլ է,- ասաց Սամորին:- Զարմանալի է, որ մարդիկ չեն ցրվում, և մրցաշարի ավարտին հանդիսատեսի թիվը սովորականի նման չի նվազում, այլ, ընդհակառակը, աճում է»:

Մրցաշարի մեկնարկից գրեթե 5 ժամ անց հայտնի դարձան եզրափակիչ անցած մասնակիցների անունները: Սան Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 28-ին Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար պայքարի ելան Կարեն Հայրապետյանն ու Անդրանիկ Աղաջանյան-Նովենցը: Հանդիսատեսի ու երկրպագուների աղմկոտ ամբոխը հիացմունքից այնպես էր գոչում, որ Սամորի Բալդեի ձայնն անգամ արդեն չէր լսվում. եզրափակիչ մարտը վերածվեց տպավորիչ ներկայացման: Գեղեցիկ, լարված պայքարի արդյունքում Red Bull King of the Rock բակային բասկետբոլի հայկական ազգային մրցաշարի հաղթող ճանաչվեց 26-ամյա Կարեն Հայրապետյանը:

«Պրոֆեսիոնալ բասկետբոլով զբաղվել եմ 4 տարի, խաղացել եմ Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում,- ասաց Կարենը:- Վնասվածքից հետո ստիպված էի վերջ դնել պրոֆեսիոնալ կարիերային, իսկ հիմա պարզապես երբեմն զվարճանում եմ սիրողական մակարդակում: Իսկ բասկետբոլ խաղում եմ 9 տարեկանից: Չէի կասկածում, որ այսօր կհաղթեմ. այլ արդյունք լինել չէր կարող: Պարզապես որոշեցի ուրախացնել ինքս ինձ, հարազատներիս ու հանդիսատեսին, որոնց շրջանում, ի դեպ, շատ երեխաներ կային: Եվ ես հուսով եմ, որ մրցաշարից հետո տուն գնալով` նրանք կհամոզեն ծնողներին իրենց սպորտային խմբակներ գրանցել: Ինչ վերաբերում է Սան Ֆրանցիսկոյի գլխավոր եզրափակչին, բնական է` ես կգնամ առաջին մրցանակի հետևից և ցույց կտամ` ինչպես են բասկետբոլ խաղում հայերը»:

Այս թեմայով