13 Հուլիս 2013, 15:31
2513 |

Առաքել բիձու «Կարոտը»

30 տարի առաջ հայ նկարչական աշխարհում Աթո անունը շատերի շուրթերին էր, նրա աշխատանքները՝ տարբեր ցուցահանդեսներում։ ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի արվեստն իր նման անմիջական ու պարզ է, բովանդակությունը՝ ազգային։ 1980-ականներին Աթոն էլ շատերի նման գնաց օդանավակայան, նստեց Ամերիկա թռչող ինքնաթիռը, ու սկսվեց նրա ամերիկյան կյանքը։ Եթե չգնար, Հայաստանում մենակ կմնար. զավակները խոսքները մեկ արած, լավ կյանքի հույսով՝բռնել էին օտար մայրցամաքի ճանապարհը. ինքն այլընտրանք չուներ։ Մինչև մեկնելն Աթոն հասցրել էր մտնել նաև կինոյի աշխարհ ու այնտեղ էլ անուն թողնել՝ Առաքել բիձա։

Այլ աշխարհամասում նոր կյանքն ամեն ինչ թողեց հետևում՝ Աթոյին էլ, Առաքել բիձուն էլ։

Ռաֆայել Աթոյանը ժամանակ առ ժամանակ գալիս է Հայաստան. կարոտը հանգիստ չի տալիս։ Այս ամռանը նորից է եկել. ձայնի ուրախ ու տխուր երանգի խառնուրդով ասաց՝ դեռ մի շաբաթ էլ կմնամ։ Նրան հյուրընկալել էր Ե. Չարենցի տուն-թանգարանը։ Ռաֆայել Աթոյանն ինքնակենսագրական ալբոմ է հրատարակել. առաջին անգամ որոշել է հետադարձ հայացքով չափել անցած-գնացածը, ստեղծագործական ուղին՝ նույն գրքում՝ կողք-կողքի զետեղելով կտավներն ու կյանքը։ «Իմ զենքն իմ վրձինն է, բայց մի պահ, երբ խոսքերդ վրձնով ասել չես կարողանում, դիմում ես գրչի օգնությանը»,- ինքնակենսագրական ալբոմում գրել է Ռաֆայել Աթոյանը։ Նկարիչը տուն-թանգարանին նվիրեց թեմատիկ առումով Չարենցի կյանքի հետ մեծ կապ ունեցող իր «Կարս» կտավը։ Մի քանի օր առաջ մեկ այլ աշխատանք՝ դարձյալ խորհրդանշական՝ «Աբու Լալա-Մահարին», նվիրել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանին։

82 տարեկան է Ռաֆայել Աթոյանը։ Վերջին 20 տարին ապրելով ԱՄՆ-ում՝ հազվադեպ է ցուցադրվել։ «Կարոտում եմ Հայաստանը, բայց իրականում չեմ էլ հեռացել նրանից։ Էնքան բան եմ տարել էստեղից, մինչև հիմա բավականացնում է։ Հայաստանն առած հոգուս մեջ՝ նստում եմ նկարակալիս առաջ ու օրական 4-5 ժամ աշխատում։ Արվեստանոցիցս դուրս՝ Ամերիկան ինձ չի հետաքրքրում»,- ասում է Ռաֆայել Աթոյանը։ Եվ իսկապես, 2000- ականների աշխատանքներն ուղիղ գծով շարունակում են 70-80-ականների ոճը, թեմաներն ու ուղղությունը։ Կարծես ոչինչ չի փոխվել՝ ոչ ժամանակը, ոչ բնակության վայրը։ Աթոն ունի շարքեր՝ նվիրված Կոմիտասին, հայրենի բնաշխարհին, իր ազգակիցներին։ Ամերիկայում նա Հայաստան է վրձնել։

Նկարչի համբավին հայ կինոռեժիսորներն 80-90-ականներին ավելացրին նաև դերասանի անուն։ Դեռ Վարդան Աճեմյանն է Աթոյին հորդորել դերասան դառնալ։ Բայց նա գերադասեց կտավն ու երանգապնակը։ Թատրոնի բեմ չբարձրացած՝ Ռաֆայել Աթոյանը միանգամից կինո մտավ։ Ֆրունզե Դովլաթյանը նրան նկարահանել է «Մենավոր ընկուզենի» ֆիլմում։ «Վարժապետ էի խաղում. փոքր էր դերս, բայց՝ տպավորիչ. էշին նստած՝ համբարձվում եմ։ Հաջորդ դերս գլխավոր էր։ «Կարոտ» ֆիլմում Առաքելի դերի համար շատերն էին պայքարում։ Ժողովրդական արտիստ Հովակ Գալոյանի տանն էին ուզում մի քանի կտոր նկարել, պայման դրեց՝ ինձ կտաք Առաքելի դերը, թույլ կտամ նկարահանումները տանս անել։ Այդ դերում նկատի էին ունեցել Սոս Սարգսյանին կամ էլ Մհեր Մկրտչյանին, բայց Ֆրունզե Դովլաթյանը որոշեց, որ ես եմ խաղալու։ Դեմ ընկա, ասացի՝ կփոշմանես, լավ մտածիր, ախր ես դերասան չեմ, մեծ ռիսկի ես դիմում։ Չլսեց. ինձ ընտրեց»,- հիշում է Աթոն։

Գաղտնիք չէ, որ Հենրիկ Մալյանն ուզում էր Կոմիտասի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել։ Խրիմյան Հայրիկի դերում աներկբա որոշել էր՝ Աթոն է լինելու։ Մալյանը չհասցրեց։ Աթոն էլ հրաժեշտ տվեց դերասանի կարճ ու չծրագրված կարիերային։ Ինչպես պատահական մտավ կինո, այդպես էլ դուրս եկավ։ Ի՞նչպես են ազդել դերերն իր վրա, պատասխանում է. «Խաղացել եմ, բայց եթե չխաղայի, 5-10 կտավ ավելի նկարած կլինեի»։

Աթոն մեկ շաբաթից նորից միսթեր Աթոյան կդառնա՝ Ամերիկայի միջով ուղիղ արվեստանոց տանելով իր Հայաստանը։

Այս թեմայով