07 Հուլիս 2013, 16:14
1836 |

«Ոսկե ծիրան». մեկնարկից առաջ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկից ժամեր առաջ (պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 7-ին, ժամը 19:00-ին) տեղի ունեցան Հայկական համայնապատկեր անվանակարգում ներկայացված ֆիլմերի ռեժիսորների առաջին հանդիպումները կիսաթաց լրագրողների հետ (Հայաստանը տոնում է Վարդավառը):

Ներկայացված առաջին երեք ֆիլմերից երկուսը երեխաների մասին էին, բայց ոչ ուրախ ու երջանիկ մանկության: Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկության» հիմքում 6-ամյա Լենայի իրական պատմությունն է. արցախյան ազատամարտի տարիներին նա գերի է ընկնում և 129 օր ապրում ադրբեջանի կնոջ տանը: Ֆիլմը, ընդհանուր առմամբ, համերաշխության ու համակեցության հնարավորության մասին է, սակայն ռեժիսորի հավաստմամբ, մեր ոչ այնքան բարիդրացիական տրամադրված հարևաններն այստեղ էլ են սադրանք ու չարամտություն նկատել: Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը նույնպես երեխաների մասին է, բայց այս անգամ ֆոկուսում Եղեռնից մազապուրծ փոքրիկներն են՝ ապաստան գտած Կարմիր խաչի ճամբարներում: Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի քավորությամբ նկարահանված ֆիլմի նպատակը ոչ թե բուն ջարդերը պատկերելն էր, այլ` դրանց հետևանքները: Առաջին ասուլիսին ներկայացված երրորդ ֆիլմը Հարություն Շատյանի «Մարաթոնն» է. 18 րոպե որքան հորինված, նույնքան էլ ինքնակենսագրական վազք` առանց մոնտաժի. «Բոլորս ենք վազքի մեջ, բայց` ուր կհասնենք, ոչ ոք չգիտի»:

Հաջորդ երկու ֆիլմերը ձայների մասին էին. մեկը` Երևանի, մյուսն էլ` ոտնահարված իրավունքներով կանանց: «Պեպիտտոյի» ռեժիսոր Գուրգեն Ջանիբեկյանը ցանկացել է լսելի դարձնել Երևանի ձայնը, բայց արդյունքում կենտրոնացել է դրա մի հնչյունի` կիթառահար Գևորգ Աղաջանյանի վրա: Ֆիլմի երկրորդ, բայց ոչ երկրորդական հերոսը Հյուսիսային պողոտան է` Գևորգի աշխարհն ու հանդիպման անփոփոխ վայրը: Իսկ Ադրինե Գրիգորյանն իր «Բավական» ֆիլմում ձայնի իրավունք է տվել սեփական երեխային ապրելու իրավունքից զրկած`հղիության արհեստական ընդհատում արած կանանց: Ռեժիսորը նշում է, որ հիմնականում ծնվելու իրավունքից զրկվում են աղջիկ երեխաները. «Խնդիրն ավելի խորն է, քան մենք կարծում ենք, այստեղ հարցը կանանց ծնվել-չծնվելու իրավունքին է վերաբերում»:

Ներկայացված երրորդ խումբ ֆիլմերն առաջին հայացքից ընդհանուր ոչինչ չունեն, բացի այն, որ երեքն էլ ընդգրկված են Հայկական համայնապատկեր անվանակարգի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Էմիլ Մկրտչյանի «Իդան այստեղ է» ֆիլմի վերնագիրը խաբուսիկ է. իրականում այն նկարահանվել է Հայաստանից շատ հեռու` Շվեդիայում, գլխավոր դերակատարն էլ է այնտեղից, բայց ներկայացվող խնդիրը համամարդկային է. խավար և լույս, որ կա բոլորիս ներսում: Թե որն ընտրել ու ինչպես ապրել, մենք պետք է որոշենք: Ի դեպ, «Ոսկե ծիրանի» շրջանակում տեղի կունենա ֆիլմի համաշխարհային շնորհանդեսը. նկարահանումներն ավարտվել են ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը» իրականությունն է` գառան տեսանկյունից: Ռեժիսորը ողջունում է ինքնազոհաբերման ցանկացած դրսևորում, բայց չի ընդունում, երբ մի կենդանի էակ զոհաբերում է մյուսին` մատաղը: Սակայն ֆիլմն էլ է նկարահանվել մատաղի սկզբունքով. մատաղի նման «դռնեդուռ» են ընկել, գումար հավաքել ու հիմա էլ որոշել են 7 երկիր ուղարկել` 7 հարևանի տուն:

«Ջրից հետո ավազ է մնում». իսկ ի՞նչ է մնում սիրելի ամուսնու մահից հետո. նրա վերջին ցանկությունն ամեն գնով կատարելու անկոտրում կամք ու որոշում: Սարո Վարժապետյանի ֆիլմի գլխավոր հերոսուհին Թամարն է` 80-ամյա մի այրի, որն այցելում է իր հայկական հայրենիքը, որպեսզի կատարի վերջերս մահացած ամուսնու վերջին կամքը` ընտանիքով լուսանկարվի Արարատ լեռան դիմաց: Արարատ հասնելուն պես նրանք անակնկալի են գալիս` պարզելով, որ Թամարի ցանկությունը` լուսանկարվելը, այնքան էլ հեշտ չի լինի, ինչպես հույս ունեին:

«Ոսկե ծիրանը» դեռ չի մեկնարկել, բայց Երևանն արդեն ապրում է ու շնչում կինոյով:

Այս թեմայով