05 Հուլիս 2013, 22:10
1338 |

Ծիրանի ոսկեգույն համը

«Ոսկե ծիրանի» մեկնարկից օրեր առաջ կազմակերպիչները բացում են բոլոր փակագծերը: Եվ այսպես, հատուկ միջոցառումների՝ հոբելյանական երեկոների ու երևանյան պրեմիերաների շրջանակում համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն Մարգարեթե Ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին ու Յոս Ստելինգին։ Իսկ ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին։ Զայդլի «Դրախտ» եռապատումն ընդգրկված է արտամրցութային ծրագրում։

Հայ կինոսիրողը հնարավորություն կունենա ծանոթանալու սովետական ժամանակներում եղբայր պետությունների վերջին տարիների ֆիլմարտադրությանը։ Ցուցադրությունների ծրագրում ընդգրկված է 16 ֆիլմ։ «ԱՊՀ երկրների կինո» նախագիծը կմեկնարկի հուլիսի 9-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում՝ ներկայացնելով Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Ղրղըզստանի կինոն։

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն, արժևորելով «Ոսկե ծիրանի» տասնամյա հոբելյանը, հիշեց անդրանիկ փառատոնից առաջ իրեն պարուրած վախն ու թերահավատությունը. «Փառատոնի կենսագրությունը ցույց տվեց, որ մտավախությունս իզուր էր. այն շատ արագ արժանացավ միջազգային կինոաշխարհի ուշադրությանը և այսօր արդեն մեծ հեղինակություն է վայելում։ Բոլորը՝ թե Հայաստանում, թե արտասահմանում, վստահում են «Ոսկե ծիրանին», քանի որ ապացուցեցինք՝ մեզ համար առաջնայինը լավ, որակյալ կինոն է, բարձրարժեք ֆիմերի քարոզչությունը, համաշխարհային կինոյի վարպետների վաստակն արժևորելը։ Այս համատեքստում, ինչ խոսք, գերնպատակ էր հայկական կինոյի տեղն ապահովել համաշխարհային կինոասպարեզում, ճանաչելի դարձնել մեր կինոռեժիսորների աշխատանքը, նրանց հանել միջազգային ասպարեզ»:

«Ոսկե ծիրանը» նախատեսել է վարպետության դասեր ու հանդիպումներ պատվավոր հյուրերի, կինոյի վարպետների հետ։ Շառլ Ազնավուրը խնդրել է իրեն ազատել լրագրողների ընկերակցությունից ու հարցախույզից։ Այնպես որ, մենք հնարավորություն կունենանք վայելելու աշխարհահռչակ շանսոնյեի անխոս ներկայությունը միայն։ Արտավազդ Փելեշյանը համաձայնել է հանդիպել ու զրուցել լրագրողների հետ։

«Ոսկե ծիրանը» կներկայացնի նաև վրացական ֆիլմերի ընտրանի։ «Վրացական կինոյի շաբաթ» ծրագիրը նախատեսել է հետահայաց ցուցադրությունների շարք, որն ընդգրկել է Ռեզո Չխեիձեի, Գեորգի Դանելիայի ֆիլմերը։ Ի դեպ, այս տարի լրանում է «Միմինոյի» 35-ամյակը, այդ առթիվ Երևանը կհյուրընկալի Գեորգի Դանելիայի տիկնոջը՝ Գալինա Դանելիային։

Այս թեմայով