01 Հուլիս 2013, 13:45
2012 |

«Լորդ Բայրոնը» ապահով կձմեռի

Հունիսի 28-ին լեփ-լեցուն Տիկնիկայինում The Beautified Project-ն ու «Հայ սուփեր սթարի», The Voice of Armenia-ի ու X Factor-ի մասնակիցները հանդես եկան ազնիվ նախաձեռնությամբ ՝ սատարել Գյումրիի Ջորջ Բայրոնի անվան դպրոցին: Նպատակը դպրոցը նոր ջեռուցման համակարգով ապահովելն էր, որպեսզի աշակերտները ձմեռը տաքության մեջ դիմավորեն:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը ազդվեց՝ տեսնելով Բրիտանական դեսպանատան հովանու ներքո գտնվող դպրոցին օգնելու հայերի պատրաստակամությունը: «Ծափահարություններն այս համերգում առաջին հերթին պետք է ուղղված լինեն հանդիսատեսին, ով անտարբեր չէ Գյումրիի անգլիական դպրոցի խնդրի նկատմամբ», - ասաց դեսպանը:

Համախմբվածության մթնոլորտը տարածվում էր նաև ելույթ ունեցողների վրա. երգիչները փոխարինում էին միմյանց, հնչում էին cover-ներ ու տարբեր ժանրերի միքսեր… Այսպես հավաքվածներին պահեցին աշխույժ վիճակում մինչև աճուրդի սկիզբը:

Խոստացածի համաձայն՝ The Beautified Project-ը հանդիսատեսին ներկայացրեց իր ձայնասկավառակները, որոնք մի քանի րոպեում վաճառվեցին ռեկորդային բարձր գնով: Արժեր այդ պահին տեսնել երաժիշտների ոգևորված դեմքերը վարագույրի հետևում: Նախագծի հեղինակ Անդրե Սիմոնյանը չէր կարողանում հավատալ, որ իրենց ձայնասկավառակի գինը մի քանի վայրկյանում կարող է 2 000-ից հասնել 45 000-ի: Ստորագրություններով և Help Me տեսահոլովակից խմբի նշանով փայտե խաչն առնելու համար միավորվեց ընկերների մի խումբ՝ վճարելով 40 000 դրամ: Ռոք խմբի անդամների ինքնագրերով վկայականն էլ վաճառվեց 200 դոլարով: Հանդիսատեսը տարերքի մեջ էր… Վերջում, ի ուրախություն բարեգործական ակցիային եկած բազմաթիվ երկրպագուների, ելույթ ունեցավ նաև The Beautified Project-ը:

Երաժիշտները հասան իրենց նպատակին. հավաքվեց ավելի քան 2 000 դոլար՝ նոր ջեռուցման համակարգի համար բավարար գումար: Մինչև սեպտեմբեր կկատարվեն շինարարական աշխատանքները, և Լորդ Բայրոն դպրոցը ձմեռը ապահով կդիմավորի:

Այս թեմայով