20 Հունիս 2013, 15:09
1793 |

Բազում գույներ՝ մեկ երեկոյի ընթացքում

Հունիսի 19-ին Նարեկացի արվեստների փառատոնի շրջանակներում կայացած 4-րդ համերգը նվիրված էր հայ կոմպոզիտորական արվեստին: Թվում էր' փառատոնային բազմաժանր երաժշտական menu-ի մեջ հայ ակադեմիական երաժշտությունը նույնքան սպասելի է, որքան ժողովրդական, հեղինակային երաժշտությունը կամ ջազը, սակայն համերգն անցկացվեց գրեթե կիսադատարկ դահլիճում: Զարմացած էին բոլորը' թե´ ներկա կոմպոզիտորները, թե´ երաժիշտների բարեկամներն ու ընկերները, թե´ պիոների պես բոլոր համերգներին գնացող երաժիշտ ուսանողները, և թե´ այն մի քանի զբոսաշրջիկները, ովքեր, դուրս գալով երեկոյան զբոսանքի, պատահաբար հայտնվել էին կամերային երաժշտության տանը հարակից այգում և, հրապուրվելով համերգային պաստառով, համալրել վերոնշնյալ զարմացածների շարքերը: Այնուհանդերձ, փաստը ունեցավ նաև դրական «հետևանք». համերգային դահլիճում ձևավորվեց մտերմիկ և ջերմ մթնոլորտ, որտեղ ամեն ունկնդիր հետաքրքրությամբ սպասում և ունկնդրում էր յուրաքանչյուր ստեղծագործություն:

Համերգային երկացանկը, իրոք, հետաքրքիր էր. ներկայացվեցին ինչպես Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի և Տիգրան Մանսուրյանի, այնպես և երիտասարդ սերնդի կոմպոզիտորների' Արթուր Ավանեսովի, Դավիթ Բալասանյանի և Հովհաննես Սարդարյանի կամերային երկերը' գրված վերջին 50 տարիների ընթացքում: Ըստ էության, ծրագրի նման կառուցումը կարելի է համարել հայ ակադեմիական երաժշտության կեսդարյա «ճանապարհորդություն», որի ընթացքում նշմարվում էր ոճական, հայեցակարգային, երաժշտական մտածողության փոփոխություններ:

Բացի երկացանկից, համերգի կարևորությունը նաև նրանում էր, որ բեմում էին բարձր պրոֆեսիոնալիզմի տեր կատարողներ: Դաշնակահար (և կոմպոզիտոր) Արթուր Ավանեսովը, ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը, ալտահար Մերի Դոլմազյանն ու թավջութակահար Լևոն Առաքելյանն այն երաժիշտներից են, ովքեր յուրաքանչյուր ստեղծագործության մոտենում են մեծ պատասխանատվությամբ և նվիրումով: Նրանց կատարումները միշտ գերում են երաժշտական կտավի մեկնաբանման խորությամբ և թարմությամբ: Ուստի ունկնդրել նրանց մեկ երեկոյի ընթացքում մեծ բավականություն էր:

Երեկոյի ավարտին Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը երաժիշտներին նվիրեց փայտյա նախշազարդված սկավառակներ: Դա կարծես թե գեղեցիկ ավանդույթ է դառնում փառատոնի համար. գուցե սիմվոլիկ նվեր է, սակայն ամեն դեպքում ուրախալի է տեսնել, որ ժամանակակից ակադեմիական երաժիշտների աշխատանքը գնահատվում է հանրության կողմից:

Այս թեմայով