19 Հունիս 2013, 22:02
1760 |

Արամ Խաչատրյանի նոտաները` «Աշխարհի հիշողություն»

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register): Այդ մասին որոշումը կայացվել է Կորեայի Հանրապետությունում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա:

Հայկական հայտը համալրել է աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչև ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ պարունակող ցանկը: Այսուհետ Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների շարքում, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը և Շոպենը:

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» հայտը պատրաստվել է ՀՀ ԱԳՆ կողմից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և կոմպոզիտորի որդու` Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ: Հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր ներկայացվել 2010-ին և մինչև 2012 համալրվել էր հավելյալ նոտաների ձեռագրերով: 

Այսպիսով, «Աշխարհի հիշողություն» ծրագրում իր տեղը գտավ հայկական երրորդ փաստագրական ժառանգությունը. 1997-ից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011-ից` «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությամբ»:

 

Այս թեմայով