18 Հունիս 2013, 13:34
1219 |

Շախմատի ոսկին կրկին հայերինն է

Երբ խոսքն օնկոլոգիական հիվանդություն հաղթահարած երեխաների մասին է , մրցանակներն ամենակարևորը լինել չեն կարող, բայց մեդալներ նվաճելը, համաձայնեք, միշտ էլ հաճելի է: Այս տարի ԲԿՄԱ-ի մոսկովյան մարզադաշտում օնկոլոգիական հիվանդություն հաղթահարած երեխաների միջազգային սպորտային մրցաշարում իրենց ուժերն են չափել 400 երեխաներ աշխարհի 12 երկրներից: Երեք օրերի ընթացքում երեխաները մրցել են 6 սպորտաձևերում' լող, ֆուտբոլ, թեթև ատլետիկա, սեղանի թենիս, հրաձգություն և շախմատ: Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցել է առաջին անգամ և 10 հոգանոց պատվիրակությամբ:

Հայ երեխաները ֆավորիտ էին «Հաղթողների խաղեր» չորրորդ ամենամյա մրցույթի շախմատի մրցաշարում: Ճիշտ է, ի տարբերություն մեծահասակների շախմատի, որտեղ տղամարդիկ են եղանակ ստեղծում, «Խաղերում» թելադրողի դերում աղջիկներն էին: Ոսկե մեդալը նվաճեց Անի Երզանկյանը, իսկ բրոնզը՝ Անի Հարությունյանը:

- Շախմատ խաղալ սովորել եմ դպրոցում: Մյուս երեխաները այս առարկան չեն անցնում, այդ պատճառով նրանց հաղթելը հեշտ էր,- ասել է Անի Հարությունյանը:

Ոսկե մեդալակիր Անի Երզնկյանն էլ վստահ է, որ շախմատը զուտ հայկական սպորտաձև է: «Կարծում եմ' չեք գտնի մի հայի, որը չիմանա շախմատ խաղալ»,- ասել է մրցաշարի հաղթողը' հույս հայտնելով, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը մի օր իր հայրենակցուհին կնվաճի:

Այս թեմայով