12 Հունիս 2013, 14:32
2066 |

Զորավարը` թոռան աչքերով

Հայ զորավարների մասին գրքեր չունենք։ Մի տեսակ անտեսել ենք նրանց գործունեության, նշանակալի ներդրումների մասին սերունդներին հայտնելու պարտավորությունը։ Միայն Լորիս Մելիքովի մասին կա աշխատություն, Հովհաններս Բաղրամյանն ու Բաբաջանյանն էլ իրենք են իրենց մասին գրքեր գրել։ Մյուսների ռազմական գործունեությունն ու մարդկային նկարագիրը հայտնի են միայն պատմաբաններին, հանրությանը` ոչ։

Դանիել Բեկ-Փիրումյանի մասին մեր պատմությանը որոշակի տեղեկություններ հայտնի են։ Նա ազգային հերոս է, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատարը։ Ծնունդով Արցախի Նախիջևանիկ գյուղից է, որը 1990-ականներին ազատագրվել է ադրբեջանցիներից։ Սովորել է Շուշիում, տոհմիկ Փիրումյանների ժառանգորդն է։ Նրա անունը մեծապես կապված է նաև Արևմտահայաստանում ծավալված ռազմական գործողությունների հետ. Կարսի անկումից հետո Դանիելն ու իր գերդաստանի ևս 3 Փիրումյաններ գերի են ընկել։ Պատմությանը հայտնի այս տեղեկություններին նոր բացահայտումներ ու պարզաբանումներ է ավելացրել Դանիել Բեկ-Փիրումյանի Լևոն որդու զավակը` մոսկվաբնակ Յուրի Փիրումյանը։ Պապի ով լինելու մասին բավականին ուշ է իմացել, ու անմիջապես լծվել է մի աշխատանքի, որն իրենից 25 տարի է պահանջել` իր ու շատերի համար բացահայտելով ռազմական խոշոր գործիչ Բեկ-Փիրումյանի անձնական ու մասնագիտական կյանքը։ Նա ուսումնասիրել է արխիվային բազմաթիվ նյութեր, պատմական փաստեր, աշխատություններ ու գրել «Դանիել Բեկ-Փիրումյանի կյանքը» ռուսերեն ծավալուն մենագրությունը։

Մեր պատմաբանները, ծանոթանալով աշխատությանը, ընդգծում են փաստագրական տեղեկությունների, Փիրումյան գերդաստանի ծագումնաբանության, պատմական ժամանակաշրջանը համակողմանի ընկալելու արժանիքները։ Հայաստանյան շնորհանդեսին պատմաբանները նշեցին, որ գիրքը նորություն է` անվանի զորավարի կյանքի բազմաշերտ լուսաբանումներով։ Կարսի անկման իրադարձությունների, պատճառների մեջ խորանալով`հեղինակը հակադրվում է պատմաբանների` մինչև այժմ հայտնած տեղեկություններին ու վերլուծություններին։ Ներկայացնելով Կարսի անկման օբյեկտիվ պատճառներն, այնուամենայնիվ, թոռը նաև քննադատում է պապի որոշ գործողություններ։ Միաժամանակ նկարագրում է, թե հոգեկան ինչ տառապանքի միջով է անցել գերեվարված ու վիրավոր զորավարը, պատմական իրողությունները կոչում իրենց անուններով։ Ներկայացնում է Կարսի նահանգապետի, գեներալ Հովսեփյանի ձեռնարկած թալանն ու գողոնի վաճառքը Ալեքսանդրապոլում։ Հեղինակը գեներալ Սիլիկյանին հակադրում է իր պապին, ցույց տալիս Բեկ-Փիրումյանի ռազմական տաղանդը Սարդարապատի ճակատամարտը ղեկավարելիս։ Յուրի Փիրումյանը ներկայացնում է նաև զորավարի կյանքի վերջին օրերը։ Ռուսական իշխանությունները ցանկացել են ամեն գնով ազատվել Կարսում գերի ընկած ռազմական գործիչներից։ Գրքի հեղինակն անուն առ անուն նշում է գերիների ցանկը, գնահատում իր պապին գերությունից ազատելու` Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերը։ Պատմաբանները համոզված են, որ 1922-ին ռուսներն ուղղակի ծրագրել էին ազատվել գեներալ Բեկ-Փիրումյանից ու սպանել են նրան։ Զորավարը հանկարծամահ է եղել, այնուհետև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ Գարեգին Հովսեփյանի ցուցումով թաղվել սուրբ Գայանե եկեղեցու բակում։

Այս թեմայով