10 Հունիս 2013, 17:43
1306 |

Ստուգատես թավջութակահարաց

Հունիսի 7-ին մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթին մասնակցել է 26 երաժիշտ։ Առաջին փուլը հաղթահարել են 9-ը՝ մեկական թավջութակահար Հունաստանից, Ռումինիայից, Ուկրաինայից, 2-ական՝ Ռուսաստանից։ Հայաստանից երկրորդ փուլ է անցել 3 երաժիշտ։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 10-ին միջազգային ժյուրիի անդամներն ունկնդրել են երկրորդ փուլի մասնակիցներին։ Երաժիշտները նվագել են պարտադիր ծրագիր՝ Արամ Խաչատրյանի «Սոնատ-ֆանտազիա» մենանվագը թավջութակի համար, իսկ ազատ թեմաներից ընտրել են Մենդելսոնի, Բրամսի կամ Շտրաուսի գործերից։ Ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը նկատեց. «Քանի որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթն ընդգրկվել է միջազգային մրցույթների համաշխարահային ֆեդերացիայի կազմում, գնահատման ու մասնակցության չափանիշները խստացվել են»։

Բացի խաչատրյանական ստեղծագործություններից, մասնակիցները պարտավոր են ներկայացնել գերմանական ռոմանտիկ երկացանկից որևէ ստեղծագործություն։ Ծրագիրն ավելի բարդ է, քան նախորդ տարիներին։ Եթե նախկինում ժյուրին քննարկման արդյունքում էր ընդհանուր կարծիք հայտնում ու գնահատում մասնակիցներին, ապա հիմա նրանք առանձին-առանձին են քվեարկում։ Համակարգչային հատուկ ծրագիրը նրանց ձայների հիման վրա միավորներ է արձանագրում՝ որոշելով հաղթողներին ու պարտվողներին։
Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի եզրափակիչ երրորդ փուլը նախատեսված է հունիսի 13-ին, որի ընթացքում ելույթ կունենա 4-5 թավջութակահար։ Հաջորդ օրը՝ գալա-համերգի մրցանակաբաշխությանը պարզ կդառնան մրցանակակիրների ու հաղթողի անունները։

Այս թեմայով