10 Հունիս 2013, 13:17
2984 |

Բնապահպան օլիմպիական մարզաձևը

Առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի պահպանության մասին վերջին տարիներին գնալով ակտիվացող կոչերը տալիս են իրենց պտուղները: Անցած մի քանի տարվա ընթացքում Հայաստանում էլ մեծ հետաքրքրություն առաջացավ դեպի հեծանվային սպորտը, վերջերս Երևանում բացվեց միջազգային չափանիշների համապատասխան հեծանվային հրապարակ, հետո էլ բանը հասավ սիրողական հեծանվասպորտով հետաքրքրվողներին: Մայրաքաղաքում բացվեց քաղաքային հեծանվային ուղին: Դրա կիրառելիության ու հարմարության մասին դատողությունները թողնենք հեծանվասեր հասարակությանը: Մեր քաղաքացիների շրջանակներում երկանիվ ու էկոլոգիապես մաքուր այս փոխադրամիջոցի հանդեպ հետաքրքրության վառ ապացույցը մայիսին լուսաբացը դիմավորող տասնյակ հեծանվորդների գիշերային երթն էր:

Հեծանվային մարզաձևն ունի բազում տարատեսակներ: Լինելով լեռնային երկրիր՝ պիտի որ զարգացած լիներ հենց լեռնային հեծանվավազքը: Սակայն մինչև օրս նմանատիպ մրցումներ չէին անցկացվել: Բացը լրացնելու համար այս տարի հիմնադրվեց Հայաստանի լեռնային հեծանվորդների ասոցիացիան: Իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում ասոցիացիան համախմբեց էքստրեմալ հեծանվավազքի սիրահարներին: Արդյունքը՝ հունիսի 9-ին Ջրվեժի անտառպուրակում Հայաստանում առաջին Cross-country հեծանվային մրցումները: Բացի առողջ ապրելակերպի կոչից, միջոցառման նպատակը նաև շրջակա միջավայրի պահպանության հանդեպ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ գրավելն էր:

Մարզիկների առաջ խնդիր էր դրված հաղթահարել 11.1 կմ երկարությամբ լեռնային ճանապարհը: Մասնակցության հայտ ներկայացրած 56 մարզիկներից բուն մրցմանը մասնակցեցին շուրջ 30-ը, ընդ որում՝ ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ: Վերջնագիծն առաջինը հատած Համո Գևորգյանի համար հաղթանակը մեծ անակնկալ էր: Մեդալների պարգևատրումից հետո հեծնելով իր նոր լեռնային հեծանիվ-մրցանակը, Համոն ասաց, որ հայ հեծանվորդների հաջորդ կանգառը կլինեն 2014-ի օլիմպիական խաղերը: Մեդալների ու լեռնային հեծանվի տեսքով խրախուսական մրցանակներ ստացան Դիանա Զախարովան և Հայկուհի Ավագյանը՝ կիսելով կանանց լեռնային հեծանվավազքի հայաստանյան մրցույթի առաջին ու միակ տեղը: Սպորտային միջոցառումը, միջազգային մրցումների ավանդույթներին համաձայն, փակվեց հաղթող մարզիկներին շամպայնի ցնցուղով ողողելով:

Այս թեմայով