10 Հունիս 2013, 00:24
1620 |

7-րդ «Մանկության աշխարհը»

Հունիսի 8-ից 10-ը  անցկացվում է 7-րդ «Մանկության աշխարհ» էքսպոն։ Նորակառույց ցուցահանդեսային համալիր «Երևան Էքսպո» շենքում ակնհայտ ակտիվություն էր. ներկա են երեխաների համար ծառայություն տրամադրող և ապրանք արտադրող կամ Հայաստան ներմուծող շուրջ 50 ընկերություն: Կազմակերպիչների ծրագրերը բավականին հեռանկարային էին. փնտրել նոր գործընկերներ և սպառման շուկաներ, Հայաստան ուղղել արտասահմանյան ներդրումներ և ցուցադրել երկրի տնտեսական ներուժը: Միայն ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե որքանով են իրատեսական այս նախաձեռնությունները:

Ցուցահանդեսի հանդեպ հասարակության ուշադրությունը հենց առաջին օրից շատ մեծ էր: Մասնակիցները ներառել էին երեխաների համար նախատեսված ապրանքների և ծառայությունների առնվազն 10 բաժին: Մի շարք ընկերություններ ապահովել էին ծրագրի «սննդային» և «խմիչքային» մասը, այցելուներին հյուրասիրեցին մանկական մրգային և բանջարեղենային խյուս. ընկերություններից ոմանք ունեն հատուկ երեխաների համար մշակված շարք՝ baby կամ kids նշումով: Ընկերությունների մեծ մասը նաև վաճառում էր իր ապրանքը: Շատերն այն առաջարկում էին սեփական խանութներից 10-20 տոկոս ավելի ցածր գնով: Օրինակ՝ Rob Style-ի խոսացող շապիկները, որ սովորաբար արժեն 5-6 հազար դրամ, այստեղ վաճառվում էին 4-4,5 հազարով: Շապիկներից մի քանիսը շատ խելոք բաներ էին «ասում», օրինակ՝ «գրածը կարդալու տեղը գնա գիրք կարդա»: Ի դեպ՝ կարդալու մասին․ գունագեղ էր հատկապես «Անտարեսի» տաղավարը, որի ներկայացուցիչները ծովահենների հագուստով էին: Հրատարակչությունը ցուցահանդեսին ներկայացրել էր մանկական գրքերի հավաքածու: Ներկա էին նաև «Զանգակ», «Արևիկ», «Ուրախ Գնացք» և «Հայ Գիրք» հրատարակչությունները՝ համապատասխան գրականությամբ:

Զվարճանքի ոլորտը ներկայացնում էր Play City կենտրոնն իր խաղային ավտոմատներով: ArmGames հայկական ընկերությունը առաջնային դեր էր հատկացրել զարգացնող խաղերին: Նրանց՝ մի քանի անգամ հրատարակված «Թագավորից թագավոր» և «Աշխարհի դրոշները» խաղերը այս անգամ էլ մեծ ուշադրության արժանացան:

Սրահի կենտրոնում առանձին տեղ էր հատկացված պարահրապարակին, որտեղ Ջենիֆեր Լոպեսի և Մայքլ Թելոյի ռիթմերի տակ պարում էին «Մինորա» մշակութային կենտրոնի սաները: Բայց անվճար խաղային ավտոմատներից և սեխի խյուսի համար անողոք պայքարելուց հոգնատանջ հյուրերը արդեն չէին կարողանում ծափահարել աղջիկների եռանդին համապատասխան: Հատկապես քայլելուց ու բազում տաղավարները զննելուց հոգնած այցելուներին կգրավեին Klayk Furniture-ի ներկայացրած մանկական կահույքի հետաքրքիր նմուշները՝ անկողին-մեքենաներ և բենզալցակայանի տեսքով պահարաններ: Իսկ «Զատիկ», «Նոր Աստղ», «Զանգակատուն» ընկերությունները և Луна արտ-ստուդիան ուրախացնելու էին եկել հատկապես աղջիկներին իրենց մանկական զարդերով և աքսեսուարներով: Ուշագրավ էր մանավանդ «Զանգակատան» արտադրանքը։ Այն ամբողջությամբ պատրաստել էին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, հենց նրանց էլ հասնելու էր վաճառքից ստացված գումարը: Բացի դրանից՝ արտադրանքի շատ տեսակներ պատրաստվել էին չվերամշակվող արդյունաբերական թափոններից, օրինակ՝ ցելոֆանե տոպրակներ, որոնց շնորհիվ շրջակա միջավայրի աղտոտումը հնարավոր է գոնե մի քիչ նվազեցնել: Նույնքան տպավորիչ էր Magic Sand արտ-թերապիայի տաղավարը, որն ավազի և բամբակի թերապիայով երեխաներին հոգեբանական օգնություն էր առաջարկում:

Այդուհանդերձ, հաջող կազմակերպված ցուցահանդեսը գործի կեսն է միայն։ Տպավորիչ հաջողության մասին հնարավոր կլինի խոսել այն դեպքում, երբ միջոցառման շնորհիվ տեղական արտադրողները կարողանան կապեր ստեղծել արտասահմանցի գործընկերների հետ: 

Այս թեմայով