07 Հունիս 2013, 16:19
2461 |

Առաջին խաղը «կուտ գնաց»

Մեկնարկային խաղում, որը տեղի ունեցավ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում, հայկական թիմին դիմակայում էր Իսլանդիայի հավաքականը, որը դատարկ ձեռքերով չէր ժամանել։ Իսլանդացիներն իրենց ակտիվում ունեին 3 միավոր. քանի որ գարնանը հյուրընկալվելիս հաղթել էին Բելառուսի իրենց հասակակիցներին (2:1): Հատկանշական է, որ կղզիաբնակների համար այդ նույն հաղթական հաշիվը վառվում էր «Հրազդանի» էլեկտրոնային լուսատախտակի վրա նաև այս խաղից հետո:

Մեր թիմն անատամ անցկացրեց առաջին խաղակեսը: Հայ ֆուտբոլիստների ակտիվ պայքարն ամրապնդված չէր իմաստավորված գործողություններով: Նրանք խաղում էին ասես մոռացել էին մրցակցի դարպասի գոյության մասին: Հիշարժան էր սոսկ Կարեն Մուրադյանի հեռահար հարվածը, որից հետո դարպասապահ Ռունար Ռունարսոնը ճարպկորեն հետ մղեց գնդակը: Ատլետիկ, տակտիկապես լավ պատրաստված իսլանդացիները հստակորեն գերազանցեցին հայերին առաջին խաղակեսում, և 42-րդ րոպեին Էմիլ Ատկասոնի խփած գոլն այդ առավելության տրամաբանական արդյունքն էր:

Ընդմիջումից հետո հայկական թիմի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխարինումներ կատարեց, և թիմի խաղն էապես կերպարանափոխվեց: Խաղադաշտ մտած Սարգիս Ադամյանը, ով գերմանական «Հանզայի» սան է, և «Փյունիկի» նորեկ Աշոտ Սարդարյանը ցույց տվեցին իրենց խաղընկերներին, որ կարելի է բարձրահասակ մրցակցի հետ հաջողությամբ օդային պայքար մղել, հիշեցրեցին նրանց, որ եզրերը գրոհներ անկացնելու համար են, որ կարելի է և պետք է նուրբ ու խորամանկ փոխանցումներ կատարել: Արդյունքում մեր խաղացողները հիշեցին նաև մրցակցի դարպասի մասին. 67-րդ րոպեին փոխարինման մտած Աշոտ Սարդարյանն Աղվան Պապիկյանի անհատական գերազանց անցումից հետո հավասարեցրեց հաշիվը (1:1): Նշենք, որ 19-ամյա Պապիկյանը, ով հանդես է գալիս մոսկովյան «Սպարտակի» փոխարինողների կազմում, այդ դրվագում հմուտ վարպետություն ցուցադրեց:

Պայքարի լարվածությունը հասավ գագաթնակետին: Հազարավոր երկրպագուները սկսեցին էլ ավելի ակտիվ աջակցել իրենց խանդավառված խաղացողներին: Բոլորը նոր գոլի էին սպասում: Այն խփվեց, բայց, ավաղ, մեր դարպասը: Այն նույն Ատլասոնը (նա աչքի էր ընկել նաև բելառուսների հետ նախորդ խաղում) օգտվեց մեր պաշտպանության կոպիտ սխալից և դուբլ ձևակերպեց ու վերջնական հաշիվը դարձավ 2:1:

Հետխաղյա մամուլի ասուլիսում հյուրերի գլխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնը նշեց Աղվան Պապիկյանի լավ խաղը և արդարացված համարեց իր սաների հաղթանակը: Մեր գլխավոր մարզիչն ասաց բառացիորեն հետևյալը. «Ես շատ գոհ եմ մեր թիմի ցուցադրած խաղից: Մեր այսօրվա հավաքականը որակապես լավն է…»:

Ավելացնենք, որ մեր երիտասարդական թիմը հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 8-ին և կհյուրընկալի Ղազախստանի իր հասակակիցներին:

Այս թեմայով