05 Հունիս 2013, 23:20
1636 |

Ֆուտբոլից՝ արվեստ՝ մեկ մականունով

«Ճալա» մականունը նա ստացել է շատ վաղուց, երբ դեռևս ոչ թե արվեստի գործեր էր ստեղծում, այլ գոլեր իրացնում Լենինականի ֆուտբոլային թիմերից մեկի կազմում: Հետո նա ընդունվեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, բայց մականունն այդպես էլ մնաց:

Հունիսյան ցուցահանդեսը կազմակերպվել է նրա ծննդյան օրվա առթիվ: «Ճալայի հույսին որ մնայինք, էս ցուցահանդեսը դեռ երկար ժամանակ իրականություն չէր դառնա, - ժպիտով փաստում է ցուցասրահի հիմնադիր Արա Մելքոնյանը:- Իր աշխատանքները շուրջ 2 տարի պարբերաբար ներկայացվել են հիմնական ցուցադրության շրջանակում, բայց ուզում էինք ամբողջական ներկայացնել այն ամենը, ինչ նա անում է, իսկ ծննդյան օրը շատ լավ առիթ էր»:

Կոնցեպտուալ արվեստի տեսակին դասվող այդ աշխատանքները դիտողին սովորաբար դեպի անցյալն են տանում: Գաղտնի «բաղադրատոմսով» պատրաստվող նյութն ամբողջությամբ կամ մասամբ պատում է կտավը՝ երբեմն հիշեցնելով ֆիգուրատիվ ուրվագծեր, իսկ երբեմն էլ նույնացվելով տարատեսակ քարերի՝ բազալտի, տուֆի մակերևույթի հետ: Քարի պատրանքը սրվում է, երբ սկսում ես զննել մակերեսի վրա տեղ-տեղ նշմարվող դաջվածքները՝ խաչերի, շրջանակների ու այլ սիմվոլիկ պատկերների տեսքով: Միանգամից մտաբերում ես հնագույն հայկական ժայռապատկերները, կապ փնտրում հինավուրց մշակույթից մնացած հետքերի, դրանց խորհրդաբանության հետ: «Ճալա ջան, շնորհավոր: Մեր հին քարերը հետ ես բերում, ապրես», - այսպես հնչեց այցելուներից մեկի շնորհավորանքը:

Աշխատանքները հիմնականում վերջին 1-2 տարվա ընթացքում են ստեղծվել։ «Դալան» ցուցասրահում կազմակերպված այս ցուցահանդեսը, նախորդների պես, զուրկ էր պաշտոնականությունից. Ճալայի լավագույն ընկերները, արվեստագետներն ու արվեստաբանները և պարզապես արվեստասեր հանրությունը մերթ շրջում էր երկրորդ հարկում տեղավորված ցուցադրության սրահներում, մերթ իջնում ներքև, որտեղ կարելի է տեղավորվել հարմարավետ ու մտերմիկ սրճարանում և մի գավաթ տնական գինու շուրջ ծավալել խորաթափանց ու փիլիսոփայական քննարկումներ արվեստի շուրջ և արվեստից դուրս: Որպես գինովցած այցելու՝ փաստում եմ, խմիչքն ընտիր էր, իսկ ցուցահանդեսը՝ առավել ևս. ի դեպ՝ այն դեռ 15 օր բաց է լինելու բոլոր ցանկացողների համար:

Այս թեմայով