03 Հունիս 2013, 13:10
1287 |

«Զվարթնոցն» ամփոփում է արդյունքները

Հայտնաբերել երաժշտական կրթություն չունեցող, բայց լավ ձայնային տվյալներով անհատներ, երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությանը, երիտասարդներին իրենց կատարումները հանրությանը ներկայացնելու հնարավորություն ընձեռել. այս նպատակները հետապնդող «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին:

Մրցույթ-փառատոնը մեկնարկել է 2012 թ. հունիսից: Հայտագրվել էին Հայաստանի և Արցախի 14-36 տարեկան շուրջ 3000 պատանիներ ու երիտասարդներ: Արդյունքում` 153 մասնակիցներ Հայաստանից և Արցախից մայիսի 31-ից հունիսի 3-ը ուժերն են չափել «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլում: Մասնակիցների համար կազմակերպվել են նաև մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մշակութային գործիչների հետ:

Մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական մեներգեցողության և ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսորներ Սուսաննա Մարտիրոսյանը, Լարիսա Մկրտչյանը, Գայանե Գեղամյանն ու Սամվել Գալստյանը: Հանձնաժողովի նախագահն է ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի երաժշտական ընկերության վաստակավոր նախագահ Դավիթ Ղազարյանը: Ծրագրի կազմակերպիչը «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամն է:

Այս թեմայով