27 Մայիս 2013, 12:16
1031 |

200 լուսանկար՝ հազարավոր ճակատագրեր

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «Հետքերով որբերի հայոց» խորագրով ցուցահանդեսը: Միացյալ Նահանգներում գործող Ռոքֆելերի արխիվային կենտրոնի՝ հայոց պատմությանը վերաբերող շուրջ 200 արխիվային լուսանկարները ներկայացնում են Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի (Ամերիկյան փրկության կոմիտե)՝ Հայաստանում ծավալած որբախնամ գործունեությանը՝ Հայոց մեծ եղեռնից հետո:

1915-29 թվականներին արված լուսանկարներից շատերը ոչ միայն փաստագրական, այլև գեղարվեստական արժեք են, ներկայացնում են 20-րդ դարասկզբի լուսանկարչության յուրօրինակ մոտեցումները: Սև-սպիտակ լուսանկարներն իրենց զգայական բովանդակությամբ, դրամատիզմով ու անմիջականությամբ կլանում են ու դիտողին ստիպում իրեն զգալ այդ տեսարանի կենդանի վկան: Դաշտում վազվզող մանկահասակ որբուկներ, գորգ գործող, ասեղնագործող, բերքահավաք անող դեռահաս աղջիկներ ու կոշկակարություն և այլ արհեստներ սովորող տղաներ, որոնց դեմքերին դաջված է 20-րդ դարի մեծագույն ոճիրի սարսափն ու մոլորությունը:

Ամերիկյան փրկության կոմիտեն իր գործունեության ընթացքում շուրջ 116 մլն դոլարի (3 մլրդ այսօրվա փոխարժեքով) օգնություն է հատկացրել Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր փախստականներին Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ հիմնելով ավելի քան 200 որբանոց, բազմաթիվ հիվանդանոցներ, ամբուլատոր բուժարաններ, կանացի ապաստարաններ: Ամենահամեստ հաշվարկներով` 132 000 որբեր են փրկվել ու դաստիարակվել Կոմիտեի մանկատներում, որոնցից ամենամեծը, թերևս, այդ տարիներին «որբերի քաղաք» հռչակված Ալեքսանդրապոլի որբանոցն էր:

Ցուցահանդեսը նախաձեռնել է «Նարեկացի» արվեստի միությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի աջակցությամբ: Եվ զարմանալի չէ, որ լուսանկարների մակագրություններում խուսափել են «Հայոց ցեղասպանություն» և «Մեծ Եղեռն» տերմինների կիրառությունից: Մեկումեջ կարելի է հանդիպել «հայերի կոտորած, տեղահանություն» և այլ հոմանիշների: 

Մայիսի 26-ից լուսանկարների մի մասը կցուցադրվի նաև «Նարեկացի» արվեստի միության Երևանի մասնաճյուղում, իսկ մայիսի 27-ից՝ Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը: Բոլոր ցուցահանդեսների մուտքն ազատ է, երեքն էլ բաց կլինեն մինչև հունիսի 8-ը: Ի դեպ, ցուցահանդեսի փակումից հետո լուսանկարները պատկերասրահից կտեղափոխվեն և կպահվեն ԱՄՆ դեսպանատանը, «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրված լուսանկարները կպահվեն միությունում, իսկ Գյումրիում ցուցադրված նմուշները կնվիրաբերվեն մանկատանը: 

Այս թեմայով