21 Մայիս 2013, 12:55
1326 |

Լավագույն «Ցուցակը»

Աղասի Այվազյանի մի քանի պիեսների հիման վրա բեմադրված «Ցուցակը» ներկայացումը «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ լավագույնն է ճանաչվել: «Համալսարանական» թատրոն-ստուդիայի ներկայացման գեղարվեստական ղեկավարը և բեմադրիչը կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն է, դերասանները' թատրոն-ստուդիայի սաների հին և նոր սերունդները, ովքեր թատերական կրթություն չունեն:

«Ցուցակը» պատմում է Հիսուսի' Իեշուայի դեմ աշխատող անտես ուժերի և նրանց ձեռքին կամա-ակամա խաղալիք դարձած դավաճանների մասին: Նրանք բոլորը պետք է խաչված Փրկչին վարկաբեկող արտահայտություններ գոռային, քարեր նետեին նրա վրա:

Մասնագիտական ժյուրին, ներկայացնելով 2-րդ և 3-րդ տեղերում հայտնված գործերը, հայտարարել է, որ ոսկե մրցանակակիր չի լինելու, սակայն քիչ անց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը հավելել է, որ ժյուրին, բարձր գնահատելով համալսարանականների կատարած աշխատանքը, միաձայն որոշել է «Համալսարանական» թատրոն-ստուդիային հանձնել առաջին տեղի համար նախատեսված արձանիկը:

«Կարծում եմ՝ ժյուրիի որոշման վրա ազդել է նաև այն, որ արվեստի ոլորտում լինելով ոչ պրոֆեսիոնալ՝ Մայր բուհի սաները կարողացել են բարձր մակարդակով բեմականացում ներկայացնել հանդիսատեսին»,-նշել է Կարինե Դավթյանը:

«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական փառատոնի նախնական փուլում մասնակցության 178 հայտ էր ներկայացվել: Մասնագիտական հանձնաժողովն ընտրել էր լավագույն 20-ը, որոնք էլ անցել էին հաջորդ փուլ:

«Այն, որ մենք հայտնվեցինք լավագույն 20-ի մեջ, արդեն իսկ հաղթանակ էր»,- ասել է բեմադրիչը:

Այս թեմայով