20 Մայիս 2013, 15:58
1670 |

Ուզո՞ւմ ես անունդ հավերժացնել

Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանն արդեն ավանդական դարձած «Թանգարանների գիշերվա» մշտական մասնակից է: Այցելուների առջև դռները նա առաջիններից մեկը բացեց:

«Գիշերը» մայրաքաղաքային թանգարաններն այցելելու հիանալի առիթ էր, հատկապես նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառներով' այդ թվում' ֆինանսական, չեն կարող դա իրենց թույլ տալ: Կերպարվեստի սիրահարները հիանում էին 60-ականների և 80-ականների վարպետների գործերով: Երիտասարդ հայ նկարիչները ևս բավականին ամբողջական էին ներկայացված:

Այցելուներն այդ օրը նկարների ու քանդակների իմաստը ստիպված էին ինքնուրույն հասկանալ: «Թանգարանների գիշերը» էքսկուրսավարները չեն աշխատում: Մեկ օրում այսքան մարդկանց առանձին-առանձին հավաքածուի ու յուրաքանչյուր ցուցանմուշի մասին պատմելը ֆիզիկապես անհնար է:

Թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ուրախ էր ժամանակակից արվեստով հետաքրքրվող այսքան մարդ տեսնել: Նրա խոսքով' անցյալ տարի «Թանգարանների գիշերը» ունեցել են 8 000 այցելու, այս անգամ ավելի շատ կլինի:

Ավետիսյանը նշեց, որ ցուցադրությունն ավելի հագեցած կարող էր լինել, բայց «բնավ ոչ կատարյալ պայմանները» թույլ չեն տվել ի ցույց դնել թանգարանի բոլոր գանձերը:

«Մեր այցելուները կարծիքների գրքում հաճախ են իրենց տպավորությունները գրում, որոնց շարքում թանգարանի մակարդակին համապատասխան տարածք ձեռք բերելու մաղթանքներ հաճախ ենք հանդիպում: Առայժմ չենք կարող մեզ թույլ տալ ցուցադրել հայ վարպետների բոլոր գործերը, իսկ մենք 2 000-ից ավելին ունենք: Էլ չեմ խոսում նախագծերի մասին, որոնք առանձին սրահներ են պահանջում», - ասում է թանգարանի տնօրենն ու հույս հայտնում, որ երբևէ կգտնվի մի բարերար, որ սեփական անունը հավերժացնելու համար թանգարանին շենք կնվիրի:

Վիգեն Բոիկը Հայաստան է եկել Անգլիայից: «Այս պատկերներում, գույներում ու ոճերում դժվարանում եմ որսալ կյանքի բերկրանքը: Անկախ քեզնից, սկսում ես մտածել նկարիչների կյանքի դժվարությունների մասին»: Զբոսաշրջիկը հատկապես հավանել էր Մինաս Ավետիսյանի նկարները, որի արվեստի հետ նա առաջին անգամ է ծանոթանում: Բայց ինքն անձամբ փնտրում է իրեն անծանոթ նկարչի կտավը, որը երեք տարի առաջ տեսել է Երևանի խանութներից մեկում:
«Ձի հեծած Սուրբ Սարգսի պատկերն ինչ տեսել եմ, գլխիցս դուրս չի գալիս: Եվ այսօր հուսով եմ այն գտնել թանգարաններից մեկում: Ես պետք է գնեմ այդ հրաշք նկարը», - ասում է Վիգենը:

Ինգա Հախվերդյանը երբեք բաց չի թողնում «Թանգարանների գիշերվա» ակցիան, և կարծում է, որ սա արվեստի հետ մերձեցման միակ առիթը չէ: Մասնագիտությամբ բժիշկ լինելով' նա միշտ իր համար ինչ-որ նոր բան է բացահայտում հայ նկարիչների գործերում: Եվ անգլիացի զբոսաշրջիկի հետ էլ, ըստ որի նկարներում գերակշռում են թախիծն ու տխրությունը, Հախվերդյանը համամիտ չէ: «Հատկապես ուրախացնում է թանգարանի ցուցադրության նկարների տարբեր ոճերն ու ուղղվածությունները, որոնք բացահայտում են ազգային ավանդույթների գեղարվեստական տեսլականի բազմազանությունը», - ասաց նա:

«Գիշերվան» ավելի նուրբ երանգ հաղորդեց N13 հատուկ երաժշտական դպրոցի սաների ներկայացրած ծրագիրը: Երեխաները տարբեր երաժշտական համարներ էին կատարում, սկսած հնագույն հայկական հոգևոր երգերից մինչև ջազային մեղեդիներ:

Օշականի սբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու կանանց «Արտ-վոկալ» երգչախմբի ելույթը աննկարագրելի էր այնաստիճան, որ պատմել' ինչքան գեղեցիկ էին նրանք երգում, անիմաստ է, հնարավորություն դեպքում նրանց համերգին ներկա գտնվելը պարտադիր է: Համույթն իր ծրագիրը կազմել է բազմաթիվ սերունդների թողած պատմական-մշակութային հիմքի վրա:

 

Այս թեմայով