20 Մայիս 2013, 13:31
1165 |

Հետազոտվիր, որ ապրես

Մոմավառություն, կենդանի երաժշտություն, տեղեկատվական թերթիկներ ու կարմիր ժապավեններ. «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» Հյուսիսային պողոտային կից հրապարակում իրականացրեց ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի հանրային միջոցառում: «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» խորագրի ներքո մասնակիցները մոմեր և տեղեկատվական թերթիկներ դրեցին հարակից «Առագաստ» և «Վեռանդա» սրճարաններում:

Ըստ ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի' 2012-ի ընթացքում Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 40 մարդ: Ձևավորված ավանդույթի համաձայն' մասնակիցները 40 քառակուսի փոքր կտորներ են կարել ծածկոցին: Այսքանով ակցիան չի սահմանափակվել. Օպերային հարող տարածքի տեսավահանակով 3 րոպեն մեկ տեղեկատվական հոլովակ է հեռարձակվել, իսկ «Սթար» սուպերմարկետի աշխատակիցներն էլ կարմիր ժապավեններ են կրել ու հաճախորդներին տեղեկատվական թերթիկներ բաժանել:

Հայաստանում ապրում է ՄԻԱՎ վարակակիր 493 մարդ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակավիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ։ Միակ պայմանը հետազոտվելն ու անհրաժեշտության դեպքում հետևողական բուժում ստանալն է։

Այս թեմայով