16 Մայիս 2013, 10:18
1391 |

Եզակի հարցազրույցի իրավունքով

Մայիսի 15-ի երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը լեփլեցուն էր, հավաքվել էին հայտնի ու սիրված Գալյա Նովենցին նորովի ճանաչելու: Ռիտա Շառոյանի «Խոսիր ինձ հետ» վավերագրական ֆիլմերի շարքը համալրվեց ևս մեկով՝ դերասանուհու մասին պատմող «Գալյա Նովենց» վավերագրականով: Գաղտնիք չէ, որ Նովենցը շատ խոսել, առավել ևս հարցազրույցներ տալ չէր սիրում: Ամենասկզբից էլ պարզ էր, որ հեղինակը արխիվի մեծ քանակություն չի օգտագործելու իր ֆիլմում: Բայց Ռիտա Շառոյանը այն եզակի հաջողակ լրագրողներից էր, ով հնարավորություն էր ունեցել զրուցել Նովենցի հետ: Մեկ տասնամյակից ավելի առաջ արված հարցազրույցը մեկ անգամ արդեն եթեր հեռարձակվել էր, բայց հեղինակի պահոցում մնացել էր չօգտագործված ծավալուն նյութ, ինչն էլ դարձավ «Գալյա Նովենց» վավերագրական ֆիլմի հիմքը: «Մենք պատահաբար ծանոթացանք, առաջարկեցի հարցազրույց նկարահանել, սկզբից հրաժարվեց բացատրելով ինձ իր եզակի հարցազրույցների պատճառը: Բանն այն է, որ լրագրողները հաճախ են հետաքրքրվում, թե որ դերն է հատկապես հոգեհարազատ իրեն: Պատասխանը նա չգիտեր ու, իր ասելով, երբևէ չէր էլ իմանա: Մեր հաջորդ հանդիպման ժամանակ Նովենցն ինքը հիշեցրեց իմ առաջարկի մասին՝ պայմանով, որ ես իրեն պարտադիր դու-ով դիմեմ», - հիշում է ֆիլմի հեղինակը:

«Գալյա Նովենց» վավերագրական ֆիլմի համար հեղինակը ևս մեկ զրույց է ունեցել դերասանուհու հետ, 2012-ի մայիսին: Նկարահանումներն էլ տեղի ունեցան Երևանի այգիներից մեկում: Դերասանուհին այդ ժամանակ խոստացավ ֆիլմի համար նախատեսված մյուս աշխատանքները հեղինակի հետ ավարտել աշնանը, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո: Սակայն հաջորդ հանդիպումն այդպես էլ չկայացավ, Գալյա Նովենցը մահացավ 2012-ի հուլիսի 22-ին:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև Նովենցի որդին՝ Հակոբ Ղազանչյանը: Նա ֆիլմի հեղինակին տրամադրել էր մի շարք ընտանեկան լուսանկարներ ու վիդեոնյութեր: Հակոբ Ղազանչյանն ափսոսում է մոր քչաթիվ հարցազրւյցների համար. «Հիմա եմ հասկանում, որ մայրս եթե ավելի բաց լիներ, ավելի հաճախ խոսեր, հանդիսատեսը տասն անգամ ավելի շատ ինֆորմացիա կունենար նրա մասին: Դա նրա ընտրությունն էր, Գալյա Նովենցն ինչ-որ չափով հանելուկ մնաց իր հանդիսատեսի համար», - ասում է Հակոբ Ղազանչյանը:

Հայ մեծերի մասին պատմող ֆիլմեր քիչ են ստեղծվում: Ղազանչյանը այս բացթողումը առաջին հերթին հայկական ֆիլմեր ստեղծողների մեղքն է համարում: Մինչդեռ հանրությունը հետաքրքրված է տաղանդավոր մարդկանց կյանքով. «Պարզապես այսօր գեղարվեստական ֆիլմեր, սերիալներ նկարահանողները ի զորու չեն ստեղծել ֆիլմեր մեծությունների մասին, բացի այդ՝անձամբ ես չեմ ճանաչում որևէ սցենարիստի, ով կկարողանար իսկապես արժեքավոր աշխատանք գրել մեր մեծերից որևէ մեկի մասին», - մտահոգված է Հակոբ Ղազանչյանը: Ֆիլմի հեղինակ Ռիտա Շառոյանը կիսում է նրա կարծիքը, այսօր հայ հանճարների մասին պատմող ֆիլմերի պակաս կա:

«Գալյա Նովենց» ֆիլմն ունի միանգամից երկու ռեժիսոր՝ Արա Մնացականյանն ու Ավետիս Պետրոսյանը: Երկու ռեժիսորների անվան ներկայությունը ֆիլմի լուսագրերում պլանավորված չի եղել: «Այնպես ստացվեց, որ Արա Մնացականյանը սկսեց ֆիլմի վրա աշխատել, բայց չհասցրեց ավարտին ու մեկնեց ԱՄՆ: Օգնության հասավ Ավետիս Պետրոսյանը, ում հետ էլ վերջնական տեսքի բերեցինք ֆիլմը», - ասում է Ռիտա Շառոյանը: Դերասաուհու մասին պատմող ֆիլմում տեղ է գտել Նովենցի փիլիսոփայությունը, նրա վերաբերմունքը կյանքին ու աշխատանքին, իսկ ինչը ամենակարևորն է՝ Գալյա Նովենցը ֆիլմում զրուցում է ոչ միայն հեղինակի, այլև յուրաքանչյուր կինոդիտողի հետ:

Այս թեմայով