14 Մայիս 2013, 15:13
1633 |

Թատրոն–x-ի անհայտները

Ապրիլի 10-ից մայիսի 2-ն անցկացված «Թատրոն- x» հանրապետական փառատոնը շրջում է կենսագրության 6-րդ էջն ու ամփոփում արդյունքները։ 2012-ի համեմատ' այս տարի ավելի քիչ թվով ներկայացումներ են մասնակցել. չափանիշներն էին խստացվել։ Սիրողական թատերախմբերի աշխատանքները չեն ընդգրկվել փառատոնի ծրագրում։ Դրամատուգիական, բեմադրական, դերասանական պրոֆեսիոնալիզմ, հետաքրքիր մատուցում, ժանրային բազմազանություն, խորություն. թվում է'պահանջները մեծ են, իրականում, ինչպես նկատում է փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, իրենք փորձում են վերականգնել բեմարվեստի ոչնչացվող արժեքները։ Երևանից ու Հայաստանի մարզերից 17 ներկայացում է մասնակցել «Թատրոն-x-2013» փառատոնին։ Դիտումներից հետո կազմակերպվել են քննարկումներ։ Արա Խզմալյանն ամեն տարի' փառատոնի մեկնարկից առաջ ընդգծում է ազատ խոսքի, կարծիքների, դիտողությունների արտահայտման կարևորությունը. այս կերպ է ձևավորվում թատերական առողջ քննադատություն, անկեղծ մթնոլորտ։

«Թատրոն-x»-ի նախագահը հիացմունքով է խոսում մարզային թատրոնների մասին. բազմազանություն, արտիստական գունեղ խաղ, բարձր ճաշակ, նուրբ հումորի առկայություն։ «Այս ամենը տեսանք մարզային թատրոններում, որոնք սոսկալի ծանր պայմաններում են աշխատում։ Եթե տեսնեք այդ թատրոնների վիճակը, կզարմանաք' ինչո՞ւ և ինչպե՞ս են այդ մարդիկ բեմարվեստով զբաղվում։ Տեղական ինքնակառավարման մարմինների քար- անտարբերության պայմաններում, դրամական սուղ միջոցներով ներկայացումներ են բեմադրում այնտեղ, որտեղ անգամ բեմ չկա, տարրական պայմաններ չկան։ Հրազդանի քաղաքային թատրոնը ժայռերի մեջ կորած ոսկի է։ Գնացեք, տեսեք' արվեստի, թատրոնի նկատմամբ ինչ նվիրում, պատասխանատվություն կա մարզերում, որ երբեք չեք գտնի մայրաքաղաքում»,- նկատում է Արա Խզմալյանը։ Նա վստահ է, որ մշակութային, տնտեսական, ֆինանսական ապակենտրոնացումը միայն կփրկի մարզային կյանքը մոռացությունից ու անտարբերությունից։

Երևանից դուրս' մյուս քաղաքների ու մարզերի իշխանական կառույցներում մշակույթի բաժիններն ունեն վարիչներ, որոնց համար դեռ կոմկուսի տիրապետությունը շարունակվում է. ոչ մի առաջընթաց, ոչ մի քայլ, ոչ մի աջակցություն արվեստին ու արվեստագետին. բայց հենց այս միջավայրում են «Թատրոն-x»-ի ներկայացուցիչները հանդիպել իսկական արվեստին ու արվեստագետին։ Լճացում, տաղտուկ, անփառունակ արձագանքներով բեմադրություններ, վերլուծական, արվեստաբանական, գեղագիտական մոտեցումներից զուրկ ներկայացումներ, միօրինակ ու անգույն խաղ. Արա Խզմալյանը, բացառությամբ մի քանի բացառությունների, այս պատկերն է տեսնում երևանյան թատրոններում։ «Թատրոն–x»-ը հանրապետության մարզերում գտել է իր x-ի պատասխանը, երևանյան բեմերում հավասարումը դեռ մնում է մի քանի անհայտով։

Այս թեմայով