08 Մայիս 2013, 16:43
3074 |

Երբ երաժշտությունն արցունք է քամում

Mezzo ակումբում կայացավ Հայաստանի ամենահայտնի երգահաններից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն: Ֆիլմերում տեղ գտած երաժշտական գործերից բացի հնչեցին նաև հեղինակի դասական աշխատությունները՝ լարային կվարտետներ, Madrigal №3, Allegro barbaro դաշնամուրի և ջութակի համար, Համո Սահյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր. երկու ժամ տևած երաժշտական հրաշք:

19-րդ դարում շատ լավ ավանդույթ կար. ընկերների և հարազատների ջերմ մթնոլորտում սրահային երեկոներ էին կազմակերպում: Բարձրաշխարհիկ հավաքույթներին մասնակցում էին բանաստեղծներ, երաժիշտներ, նկարիչներ, ովքեր հավաքվում էին՝ մտքեր, զգացմունքներ փոխանակելու, բանավիճելու կամ պարզապես անկաշկանդ զրուցելու:

Վարպետ Մանսուրյանի հետ ստեղծագործական հանդիպումն ինձ հենց այդպիսի սրահային հավաքույթ հիշեցրեց՝ լի բարձրաշխարհիկ խոսակցություններով, երեկոյան զգեստների մեջ պարուրված և երկրպագուներով շրջապատված շքեղ կանանցով, մեղմ լույսի ներքո հնչող չքնաղ երաժշտությամբ: Միայն բարձրախոսներով այս ու այն կողմ փութացող լրագրողներն ու օպերատորներն էին իրենց առաջադեմ տեխնիկայով հիշեցնում, որ 21-րդ դարում ենք:

Երեկոն անցավ հյուրերի հետ կենդանի զրույցի ձևաչափով: Վարպետը հաճույքով պատասխանում էր հանդիսատեսին հետաքրքրող հարցերին: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ Մանսուրյանն ու Համո Սահյանը մի ժամանակ հարևաններ են եղել, ունեցել են հարակից պատշգամբներ:

 

Վարպետի մտքերը կյանքի ու երաժշտության մասին

Առանց երաժշտության կյանքս անիմաստ կլիներ: Այն իմ ցավն է, ուրախությունն ու սփոփանքը, հույսն ու հուսահատությունը: Երաժշտությունն անձնական, սուրբ երևույթ է: Երաժշտություն ստեղծելը քրտնաջան աշխատանք է, սակայն ինչքան էլ ջանաս, միևնույնն է՝ կատարյալ երաժշտություն ստեղծելն անհնար է. սրանում ինձ կյանքիս 74 տարիները համոզեցին: Իմ երաժշտության մեջ ամենակարևորը զգացմունքներս խոստովանելն է, մտքերիս և ապրումներիս մասին պատմելը: Երբեք չես իմանա՝ արվեստդ ինչպես կընդունեն: Մեկը կարող է հիանալ, մեկը՝ երես թեքել, չուզել լսել, մյուսն էլ՝ անտարբեր մնալ: Երաժշտության միջոցով ուղղակի ասում ես՝ ես այսպիսին եմ, իսկ թե հետո ինչպես կընկալվես, քեզանից կախված չէ: Երգահանը նա չէ, ով կարող է երաժշտություն գրել, այլ նա է, ով չի կարող երաժշտություն չգրել…

 

Երգահանի և իր երաժշտության փոխհարաբերությունը

Ժամանակի ընթացքում երաժշտության հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի է դժվարանում: Տարիների ընթացքում փորձ ես ձեռք բերում, սակայն աճում է նաև ստեղծածիդ համար պատասխանատվությունը: Երբեմն սեփական ես-իդ հետ համաձայնության գալն այնքա՜ն դժվար է: Երիտասարդ տարիներին ստեղծագործելը հեշտ էր, բայց որքան մեծացա, նույնքան էլ երաժշտությունս դարձավ քմահաճ ու պահանջկոտ:

Մանսուրյանին ճանաչում ու սիրում են «Կտոր Մը Երկինք», «Աշնան Արև», «Նռան Գույնը», «Գիքոր», «Մեր Մանկության Տանգոն», «Մենք ենք, Մեր Սարերը» ֆիլմերի համար գրված չքնաղ մեղեդիներով: Սրահի կենտրոնի լայնէկրանին ցուցադրվեցին հատվածներ այդ ֆիլմերից: Նուրբ, ռոմանտիկ թախծոտ մեղեդիները հպվում են հոգու ամենանուրբ թելերին: Այս երաժշտությունը բարի թախծի լուսավոր արցունքներով լալու ցանկություն է առաջացնում: Այն զգալու, հասկանալու և Մանսուրյանի աշխարհում հայտնվելու համար բավական է պարզապես փակել աչքերը: Նույնիսկ ինքը՝ վարպետը, չկարողացավ զսպել զգացմունքները. Նահապետ Քուչակի «Չորս Հայրեն» ստեղծագործությունը կատարելիս նրա աչքերից էլ արցունքներ հոսեցին:

 

Երեկոն ավարտվեց, բայց հեռանալ չէի ուզում: Ուզում էի անդադար լսել «Կտոր մը Երկինքի» հոգեթով մեղեդին, լացել ու ծիծաղել և պարզապես երգահանին նայել՝ փորձելով մտապահել նրա նուրբ դիմագծերն ու ալեհեր գլուխը: Հանդիպումից մնացին վարպետի երաժշտության պես ջերմ, քնքուշ զգացմունքներ:

Այս թեմայով