02 Մայիս 2013, 17:18
1712 |

11-րդ «Արմմոնոն» ամփոփում է արդյունքները

Ապրիլի 26-ից մայիսի 1-ը տևած «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն ամփոփում է արդյունքները։ «Արմմոնոն» մրցութային չէր. ցուցադրված 22 ներկայացումների մասնակիցների որակական հատկանիշները գնահատել են ոչ թե ժյուրի անդամները, այլ հանդիսատեսը, թատերագետները, հյուրերը։

Մոնոներկայացումների փառատոների ղեկավար, «Արմմոնոյի» պատվավոր հյուր Նինա Մազուրը նկատում է, որ աշխարհի շատ քիչ բեմերում կարելի է տեսնել որակյալ, բարձրարվեստ բեմադրություններ։ Նա ցնցված է հանդիսատեսի աշխուժությունից։ Նինա Մազուրը խոստովանեց, որ լեփ-լեցուն դահլիճներ վաղուց չէր տեսել։ Տեղյակ լինելով աշխարհի բոլոր անկյունների մոնոներկայացումների փառատոնային ծրագրերին' Նինա Մազուրը վստահեցնում է' հայկական բեմադրություններն ուղղակի փայլուն էին։ Նա և օտարազգի մյուս հյուրերն արդեն ցանկություն են հայտնել հայկական մի քանի ներկայացումներ ցույց տալ դրսի հանդիսատեսին։ Պաշտոնական հրավերները շուտով կստացվեն։ Մազուրին հիացրել են Մուրադ Ջանիբեկյանի «Խոստովանությունը», Հակոբ Ղազանչյանի «Ես եմ ճայը», Սեդա Ստեփանյանի «Ստրիպտիզ» ներկայացումները։

Մոնոթատրոնը ժանրային առանձնահատկությունների պատճառով յուրահատուկ հանդիսատես ունի։ Նինա Մազուրը մեջբերեց Պիտեր Բրուկի խոսքերը. «Եթե արտիստը մի հատիկ զգեստով, առանց դեկորների, լույսերի կանգնի բեմին ու այնպես խոսի, որ ես հաշվի չառնեմ նրա տարիքը, հագուկապը, անգամ այն, որ նույնիսկ մարմինը չի շարժում, բայց համոզում է ինձ, որ ինքը Ռասկոլնիկովն է, ես կհավատամ նրան»։ Այսօր, սակայն, շատ փառատոներ ու թատրոններ առաջնային են համարում լեզվի մատչելիությունը։ Նինա Մազուրն օրինակ է բերում Հանովերի փառատոնը, որի կազմակերպիչները, կոմերցիոն նկատառումներից ելնելով, կարևորում են ներկայացման մատուցման լեզուն։ Եթե հանդիսատեսը չհասկանա այդ լեզուն, տոմս չի գնի ու չի գա թատրոն։ Շատ փառատոներ էլ նախապատվությունը տալիս են բարձր արվեստին, թեկուզ դահլիճում ոչ ոք չհասկանա մատուցման լեզուն։ Այդպիսին է նաև «Արմմոնն»։

Հայկական փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ աշնանն էլ Արցախում է անցկացվելու «Արմմոնո»' տեղի ու արտասահմանյան դերասանների մասնակցությամբ։

Այս թեմայով