29 Ապրիլ 2013, 14:46
1449 |

«Գարեգին Նժդեհը» Տաթևի վանքում

«Տաթևյան պրեմիերա» նախագծի շրջանակներում Տաթևի վանքի տարածքում ապրիլի 27-ին տեղի է ունեցել «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը: Սա փորձնական կինոդիտում էր, որի ցուցադրության օրը, ի դեպ, պատահական չէր ընտրվել. 1921-ի ապրիլի 27-ին Տաթևի վանքում տեղի է ունեցել Համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որն անկախ Սյունիքը հռչակել է Լեռնահայաստան:

«Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել ֆիլմն այստեղ, հենց այս պատմական օրը: Փորձել եմ առավելագույնս պատասխանատվությամբ կերտել մեծ հայի կերպարը: Անկեղծ եմ եղել ու զերծ մնացել պայմանականություններից», - ասել է ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Շանթ Հովհաննիսյանը:

«Տաթևյան պրեմիերան» միջոցառումների շարք է, որն իրականացվում է «Տաթև» հիմնադրամի և «ՏաԹևեր» ճոպանուղին կառավարող ընկերության կողմից Տաթևի վանական համալիրի շրջակայքում գտնվող 6 գյուղերի բնակիչների համար:

Վանական համալիրի և «Տաթևի դարպասներ» տուրիստական գոտու շրջակայքում կցուցադրվեն հայ կինոմատոգրաֆիստների գեղարվեստական և վավերագրական ֆիլմերը: Հատուկ ծրագիր է նախատեսված Տաթևի շուրջ գտնվող գյուղերի պատանի բնակիչների համար:

Այս թեմայով