28 Ապրիլ 2013, 22:35
1574 |

«Հայակ» ազգային կինոյի մրցանակների բաշխման արդյունքները

Ապրիլի 28-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Հայակ» ազգային երկրորդ կինոմրցանակաբաշխությունը: «Հայակը» հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է, որն այս տարի ուներ մի քանի նոր անվանակարգեր:

Կինոգետներից, կոմպոզիտորներից, օպերատորներից, դրամատուրգներից, դերասաններից, ռեժիսորներից բաղկացած ժյուրիի թվով տասներեք անդամներն ընտրեցին «Հայակի» տասնհինգ անվանակարգերի հաղթողներին:

«Հայակ» կինոմրցանակաբաշխությունը հիմնադրվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, այս տարի նրանց միացել էր նաև Հայաստանի ազգային կինոակադեմիան: Վերջինս ևս հանձնեց իր՝ «Անահիտ» մրցանակները երկու ավանակարգերում:

«Հայակ» ազգային երկրորդ կինոմրցանակաբաշխության արդյունքները հետևյալն են.

Լավագույն խաղարկային ֆիլմ
«Այդ ես չեմ»
ռեժիսոր՝ Մարիա Սահակյան, պրոդյուսերներ՝ Վիկտորյա Լուպիկ, Գևորգ Ներսիսյան, Գևորգ Գևորգյան

«Այդ ես չեմ» գեղարվեստական ֆիլմը երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Ուշագրավ է, որ այս բավականին լարված մրցակցության մեջ մրցանակը բաժին հասավ հենց նրան: Ֆիլմը դեռատի աղջկա' Եվրիդիկեի պատմությունն է, որն ունի մանկական մի շարք բարդույթներ և փրկության լույս է տեսնում միայն համացանցում: Սակայն աղջկա կյանքը շրջադարձային փոփոխության է ենթարկվում մի անծանոթ տղամարդու ձեռքով, որն էլ դառնում է և փրկության, և ամենամեծ վտանգի խորհրդանիշը:
Միգուցե այս մրցանակը կնպաստի, որպեսզի ֆիլմը փառատոնային կյանքից զատ ցուցադրվի նաև մեծ էկրաններին:

Լավագույն ռեժիսոր
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» - Հարություն Խաչատրյան

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը նրա «Քամին ունայնության» ֆիլմի հերոսներից մեկի' Հայկի պատմությունն է: Հեղինակը 1980-ականների վերջից սկսել է հետևել Հայաստանից Ռուսաստան տեղափոխված Հայկի կյանքին և փորձել մի փիլիսոփայական հարցադրման պատասխան ստանալ․ ինչո՞ւ են մարդիկ լքում իրենց հայրենիքը և արդյոք հաջողվում է նրանց օտար ափերում առավել լավ կյանքի արժանանալ: Այս գեղարվեստավավերագրական ուսումնասիրությունը ռեժիսորի հեղինակային' միևնույն խորագիրը կրող ֆիլմաշարարի առաջին ֆիլմն է:

Լավագույն օպերատոր
«Այդ ես չեմ» - Մկրտիչ Մալխասյան

Այս անվանակարգում Մկրտիչ Մալխասյանը նոմինացված էր երկու ֆիլմով՝ «Այդ ես չեմ» (ռեժ.' Մարիա Սահակյան) և «Գարեգին Նժդեհ» (ռեժ.'Հրաչ Քեշիշյան): Հետաքրքրական է, որ երկու ֆիլմերում օպերատորը հիմնովին տարբեր ձեռագիր ուներ: Սա ևս մեկ անգամ փաստում է ռեժիսորի և օպերատորի համագործակցության տարբեր սկզբունքների մասին: Մարիա Սահակյանի հետ աշխատանքում Մկրտիչ Մալխասյանի ձեռագիրն առավել ընդգծված հեղինակային բնույթ ունի:

Լավագույն սցենարի հեղինակ
«Եթե բոլորը» - Թերեզա Վարժապետյան, Միքայել Պողոսյան

Ֆիլմի առանցքում Ռուսաստանից ժամանած երիտասարդ աղջկա պատմություն է, որը հատուկ առաքելությամբ է եկել. այցելել Արցախ՝ սոճենի տնկել պատերազմում զոհված հոր շիրիմին: Հայաստանում նա հանդիպում է հոր զինակից ընկերներին և նրանց հետ ճանապարհ ընկնում: Սյուժեի զարգացումը շեշտակի սրվում է, երբ տեղում պարզվում է, որ Սաշայի հոր շիրիմը մնացել է սահմանից այն կողմ: Ֆիլմի սցենարը կուռ կառուցվածք ունի, հարազատ է յուրաքանչյուրին։ Գուցե դրանով էր պայմանավորված նաև ֆիլմի ջերմ ընդունելությունը հանրության լայն շրջանակներում:

Լավագույն նկարիչ
«Թափառում»- Արմեն Ղազարյան

Բեմադրող ռեժիսոր և գլխավոր դերակատար Արշալույս Հարությունյանի «Թափառում»-ը հայկական առաջին ռոք-օպերան է, որի լիբրետտոյի և երաժշտության հեղինակը Արամ Սուքիասյանն է: Ֆիլմի հիմքում Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» ստեղծագործությունն է: Ֆիլմն ունի ուշագրավ պատկերային լուծում, որում մեծ դերակատարում ունի նկարիչ Արմեն Ղազարյանը:

Լավագույն կոմպոզիտոր
«Եթե բոլորը»- Վահագն Հայրապետյան

Ի դեպ, մի քանի օր առաջ Վահագն Հայրապետյանը միևնույն ֆիլմի համար այդ նույն անվանակարգում մրցանակի արժանացավ նաև Պեկինի երրորդ միջազգային կինոփառատոնում:

Լավագույն դերասանուհի
«Ձայն լռության» - Մարիամ Դավթյան

Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերակատարումով հանդես եկող Մարիամ Դավթյանին կարելի է համարել իրական բացահայտում հայկական ժամանակակից կինոյի համար: Հուսանք՝ նրան բաժին չի հասնի Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմի գլխավոր դերակատարուհու՝ Ռուզան Վիթ-Մեսրոպյանի կինոճակատագիրը, որի հրաշալի դերակատարումն այդպես էլ անարձագանք մնաց: Իսկ ազգային կինոմրցանակաբաշխության առաջին նպատակը ոչ թե իրենց ավանդով պատմության մեջ ամրագրված արվեստագետներին վերստին մրցանակներով պատվելն է, այլ առավել չափով նոր անունների բացահայտումը: Ուստի այս դեպքում մրցանակն առավել քան անվիճելի է:

Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի
«Եթե բոլորը»- Ժենյա Մկրտումյան

Հայկական ժամանակակից կինոիրականության մեջ ուշագրավ կոմպլեքս կա կապված «Լավագույն դերասան կամ դերասանուհի երկրորդ պլանի» անվանակարգի հետ: Շատերին այն վիրավորական է թվում, ինչը, մեղմ ասած, ծիծաղելի է: Այս դեպքում օրինակն առավել քան վառ է, քանի որ այդ ֆիլմի գլխավոր դերակատարուհին չարժանացավ մրցանակի, մինչդեռ Ժենյա Մկրտումյանի դերակատարումը ժյուրիի անդամների կողմից գնահատվեց ըստ արժանվույն:

Լավագույն դերասան
«Գարեգին Նժդեհ» - Շանթ Հովհաննիսյան

Եթե լիներ «Տարվա ամենաաղմկահարույց ֆիլմ» անվանակարգը, ապա անկասկած այն բաժին կհասներ Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմին: Այս ֆիլմի մասին խոսում և գրում էին բոլորը, յուրաքանչյուր ոք իր պարտքն էր համարում գոնե մի հանրային գրառում կատարել այդ թեմայով: Կարծքիները տարբեր էին, տեսակետները՝ իրարամերժ, սակայն այս անվանակարգում ամեն ինչ հստակ էր ու կանխատեսելի, քանի որ Շանթ Հովհաննիսյանի, ինչպես նաև Խորեն Լևոնյանի խաղի մասին բոլոր կարծքիներն ու տեսակետները միարժեք դրական էին, հետևաբար՝

Լավագույն դերասան երկրորդ պլանի
«Գարեգին Նժդեհ» - Խորեն Լևոնյան

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
«Փետրվարի 19» - Թամարա Ստեփանյան

Այս անվանակարգն ի սկզբանե աչքի էր ընկնում, քանի որ այստեղ նոմինացված էին չորս ֆիլմ՝ երեքի փոխարեն: Հայկական կինոյի պատմությունն իրոք հարուստ է հրաշալի կարճամետրաժ ֆիլմերով: Իհարկե, լավագույն կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումից տասնամյակներ են անցել, բայց նաև այս անվանակարգի շնորհիվ բարի ավանդույթը շարունակական կդառնա:

Լավագույն վավերագրական ֆիլմ
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» - Հարություն Խաչատրյան

Այս ֆիլմի հանդեպ ժյուրիի վերաբերմունքն ակնհայտ դրական էր: Ի դեպ, ֆիլմի պրեմիերան նախատեսվում է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Լավագույն անիմացիոն ֆիլմ
«Բալետ» - Նաիրա Մուրադյան

Այս անվանակարգը թեժ մրցակցային էր: Բարձրարժեք էին նոմինացված բոլոր ֆիլմերը: Ֆիլմերի մի մասն աչքի էր ընկնում տեխնիկական հրաշալի լուծումներով, որոնք համարժեք էին համաշխարհային ամենաբարձր չափորոշիչներին: Նաիրա Մուրադյանի «Բալետ» ֆիլմը հեղինակային անիմացիայի հրաշալի օրինակ է: Ֆիլմը մի չստացված ընտանիքի պատմությունն է․ երեկոյան գնալով ներկայացման՝ նրանք իրենց կյանքից մի դրվագ են տեսնում բեմին։

Լավագույն դեբյուտ
«Փասիանի որսորդը» - Մարինե Զաքարյան

Սա, թերևս, ամենախոցելի անվանակարգն էր: Ինչ խոսք, համեմատության մեջ ընտրված ֆիլմն աչքի էր ընկնում իր պրոֆեսիոնալիզմով և պատմության ամբողջականությամբ:

Լավագույն արտասահմանյան ֆիլմ
«Սպիտակ վագր» - Կարեն Շախնազարով

«Հայակն» այս տարի ներմուծեց վերոնշյալ անվանակարգը: Մրցանակի արժանացած Կարեն Շահնազարովը նաև «Հայակի» պաշտոնական հյուրերից էր: «Սպիտակ վագր»-ի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ աշխարհամարտի ավարտին: Ծանր, երկարուձիգ մարտերը տանջում են երկու կողմերին էլ: Բայց որքան ինքնավստահ են հարձակվում խորհրդային զորքերը, այնքան հաճախ է մարտադաշտում հայտնվում «Սպիտակ վագր» գերմանական տանկը: Անսպասելիորեն հայտնվելով՝ անխոցելի հսկան անողոքաբար անում է իր սև գործը և նույնքան էլ անսպասելի անհետանում: Նշենք, որ այս ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ նախորդ ամսին՝ «Մոսկվա» կինոթատրորնում, որին անձամբ ներկա էր ռեժիսորը:

Հայաստանի ազգային կինոակադեմիան իր՝ «Անահիտ» մրցանակները շնորհեց «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում նոմինացված «Donkeymentary»-ի ռեժիսոր Արման Երիցյանին և «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»-ում նոմինացված «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոյին:

Այս թեմայով