28 Ապրիլ 2013, 15:52
1832 |

Երեկույթի վերածված ցուցահանդեսը

Ես սխալվում էի՝ կարծելով, թե հերթական հեղինակի հերթական ցուցահանդեսին եմ գնում: Հերթական չէր առաջին հերթին ցուցասրահը. լուսանկարիչ Դավիթ Գալստյանի ֆոտոստուդիան նախկինում «Նաիրիտ» գործարանի վարչական շենքն էր, իսկ հիմա էլ մեկ օրով վերածվել է ցուցասրահի:

Գայանե Բալյանի աշխատանքներն այդպես էլ չէինք տեսնի, եթե արվեստաբան Սոնա Ասատրյանը չկազմակերպեր այս ցուցադրությունը. սա նրա առաջին անհատական նախագիծն է: «Երբ հայտնվեցի Դավիթի ստուդիայում, միանգամից մտքովս անցավ, որ այստեղ կարելի է ցուցահանդես կազմակերպել, իսկ Գայանեի աշխատանքները գրեթե միաժամանակ նկատեցի»,- պատմում է Սոնան: Նրա խոսքով՝ մասնագիտությամբ դերասանուհի Գայանեն նկարում է պարզապես իր համար, սկզբում չէր էլ ընկալում, որ իր աշխատանքները կարող են ցուցանմուշ դառնալ: «Սկզբում կամուկացի մեջ էր, իսկ վերջին շրջանում արդեն ինքն էր շարունակ հարցուփորձ անում. «Հը՞ն, ե՞րբ է լինելու»,- նշում է համադրողը:

Գայանե Բալյանի աշխատանքները կատարված են MS Paint համակարգչային ծրագրով։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անձնական ապրումները, զգացողություններն ու այս կամ այն երևույթի հանդեպ վերաբերմունքն արտահայտելու համար ինչ-որ երևելի ունակություններ պետք չեն, նույնիսկ վրձնին տիրապետել պարտադիր չէ: «Նրա մարմնի որոշ հատվածները» ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքներում գլխավոր դերում հենց Գայանեն է՝ իր հույզերով, զգացմունքներով, ըմբոստությամբ, համարձակությամբ, վախերով ու սերերով: Պլաստիկ մարմինը զանազան մոդիֆիկացիաների ու ձևափոխությունների է ենթարկվում, ստանում ոչ միայն նոր ձևեր, այլև նոր բովանդակություն: Որոշ նկարներում պատկերված սառը զենքը, կտրող-ծակող գործիքները կիրառվում են որպես ցավը, ընկճվածությունը, իսկ երբեմն անելանելիությունը արտահայտելու միջոցներ: Աշխատանքներն ինքնին զուրկ են հարթությունից կամ խորությունից, բայց այն հայտնվում է հենց մարմնի առկայության շնորհիվ: Տեղ-տեղ ինքնաքննադատական, բարդույթավորված, ընդգծված անձնական բովանդակությամբ աշխատանքները մի կողմից մեզ համար բացում են հեղինակին, մյուս կողմից՝ գուցե նաև մեզ՝ հեղինակի աչքերով:

Ի դեպ՝ նոր էր ոչ միայն ցուցասրահի տարածքը, այլև ցուցահանդեսի անցկացման ձևաչափը: Չնայած եվրոպական երկրներում վաղուց արդեն ընդունված է ցուցահանդեսի բացումը վերածել իսկական երեկույթի, բայց հայկական իրականության մեջ սովորաբար սահմանափակվում են ֆուրշետով և գովասանքի խոսքերով: Այլ էր մոտեցումն այս անգամ, Սոնա Ասատրյանի ցանկությամբ և նախաձեռնությամբ այդ արդյունաբերական տարածքում անցկացած ցուցահանդեսը, իսկական ժամանցային երեկոյի էր վերածվել։ Ի դեպ, ոչ առանց դիջեյ Անաիսի ջանքերի, ում տրամադրած երաժշտությունը համահունչ էր ցուցադրված աշխատանքների բովանդակությանը։ «Նրա մարմնի որոշ հատվածներն» ուսումնասիրելուն զուգահեռ զրույցներ էին արվեստի մասին՝ համեմված ծխախոտի ծխով, գինով ու լավ տրամադրությամբ:

Այս թեմայով