26 Ապրիլ 2013, 12:59
2722 |

Գրոհում է Պետրոսյանը

Շուտով լույս կտեսնի միջազգային վարպետ Իգոր Յանվարևի գիրքը' նվիրված շախմատի աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի գործունեությանը:

Տիգրան Պետրոսյանի շախմատային ժառանգությունն այլ անվանի շախմատիստների համեմատ առայժմ քիչ է ուսումնասիրված: Նրա ստեղծագործությունը, ասես, ստվերում էր, ինչը հասկանալի է. ինքնատիպ մտածելակերպը, ոչ այնքան դիտարժան, ռացիոնալ և զգույշ ոճը` այս ամենը դժվարացնում էին նրա պարտիաների մեկնաբանումն ու ընկալումը: Իհարկե, ոչ ոք Պետրոսյանի խաղն ավելի լավ չէր կարող բացատրել, քան ինքն անձամբ: Ավաղ, մեծ չեմպիոնը կյանքից շուտ հեռացավ՝ շատ բան չհասցնելով:

Սակայն մնացել են նրա տաղանդի մեծաթիվ երկրպագուները, շախմատիստներ, ովքեր նրա մոտ ուսուցանել են: Մեզ հետ են նրա հրաշալի գաղափարները, խորիմաստ հոդվածները, շախմատի մասին մտորումները և գլխավորը' նրա խաղացած հիանալի պարտիաները: Իր վերջին հարցազրույցներից մեկում Պետրոսյանը նշել է. «Պատմության էջերում շախմատիստը կմնա, թե ոչ, կախված է ոչ միայն նրա արդյունքներից, այլ նաև ստեղծագործությունից: Ինձ համար, օրինակ, նշանակություն չունի, շախմատիստը եղել է աշխարհի չեմպիոն, թե ոչ: Մի՞թե ժամանակին բավարար գրվել է Նիմցովիչի մասին: Իսկ այժմ շատ հանրահայտ շախմատիստներ (այդ թվում, օրինակ, Լարսենը), ինչ ու՝ նաև ես, համարվում են նրա հետնորդները: Բրոնշտեյնը նույնպես աշխարհի չեմպիոն չի եղել, սակայն նրա պարտիաները դրանից ավելի վատը չեն դարձել: Ինձ, իհարկե, հաճելի կլիներ կենդանությանս օրոք իմ մասին գրված գիրք տեսնել: Բայց այն չկա, և ես դրանից չեմ վշտանում: Եթե ես կարողացել եմ շախմատում ինչ-որ բան ստեղծել, ապա ջնջել այն անհնար է: Կգա ժամանակը, կգտնվեն շախմատային վերլուծաբաններ, պատմաբաններ, հետազոտողներ, ովքեր ամեն ինչ մանրակրկիտ կուսումնասիրեն և կորոշեն իմ տեղը շախմատում: Բայց եթե ես կարողանայի ենթադրել, որ մահիցս մի հիսուն տարի հետո իմ շախմատային ստեղծագործությունը ոչ մեկին չի հետաքրքրի, ապա այժմ ես շատ վիրավորված կլինեի»:

Երևում է, հանրագումարների ամփոփման այդ ժամանակը եկել է' հանճարեղն անհնար է չնկատել: Իգոր Յանվարևը ծանոթացել է Տիգրան Պետրոսյանի հետ հեռավոր 1977-ին, այն ժամանակ լինելով Ֆիզկուլտուրայի ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող և վարպետության թեկնածու: Հեղինակը չի թաքցնում, որ Տիգրան Վարդանովիչի մասին գրելու գաղափարը հենց այն ժամանակ էր ծնվել: Եվ այսօր, նախաձեռնելով մեծ շախմատիստի և իր մեծ ընկերոջ ստեղծագործության մասին գիրք գրել, նա շատ է ցանկանում, որպեսզի շախմատային տախտակի վրա ծավալվող իրադարձությունների հետևում ընթերցողը տեսնի կենդանի մարդուն' իր բոլոր հակասություններով ու ապրումներով, ով հրճվում է, կասկածում, սխալվում:

Պետրոսյանին, ով իր խաղը սովորաբար կառուցում էր «պաշտպանությունից», առավել բնորոշ էր հակագրոհելը, չնայած, երբ հնարավորություն էր ստեղծվում, նա կարող էր մեծագույն հմտությամբ, եռանդուն և գեղեցիկ գրոհել: Եվ պատահական չէ, որ Իգոր Յանվարևի գիրքն այդպես էլ կոչվում է. «Գրոհում է Պետրոսյանը»:

Այս թեմայով