25 Ապրիլ 2013, 13:45
1534 |

«Բյութիֆայդական» հուշահամերգ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին համերգի տեսքով յուրահատուկ տուրք մատուցեցին The Beautified Project բենդի տղաները: Ուլիխանյան ակումբում երաժիշտները ողջունեցին հայ երկրպագուներին' երեկոյի բոլոր կատարումները նվիրելով ցեղասպանության զոհերին:

Նման համերգները ավանդական են դարձել խմբի համար. արդեն հինգ տարի է տղաները հանդես են գալիս նման նախաձեռնությամբ: Այս տարի ակումբի տարածքն անկարող էր տեղավորել համերգին ներկա գտնվել ցանկացողներին, այսպիսով' տղաները որոշեցին կրկնել երեկոն նաև ապրիլի 25-ին: «Չենք ուզում ավելի մեծ համերգասրահում ելույթ ունենալ: Առիթը համապատասխան չէ: Որոշեցինք պարզապես կրկնել համերգը, նույնն արել էինք նաև անցյալ տարի», - նշում է խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանը:

Բեմը զարդարող մոմերի լույսի ներքո տղաները կատարեցին ինչպես հայտնի ու սիրված երգերը, այնպես էլ ալբոմներում տեղ չգտած ստեղծագործությունները: Համերգը տարբերվում էր նրանով, որ երգերը հնչում էին նոր գործիքավորմամբ' ակուստիկ տարբերակով: «Մենք սովոր ենք գոռալ, աղմկել օրինակ «Butterfly» երգի ընթացքում, բայց այսօր երգն այլ կերպ կատարեցինք», - նշում է Անդրեն: Համերգի ընթացքում հնչած «All Alone» երգը նվիրված է Արշիլ Գորկու հիշատակին, «Broken Smile»-ը' ցեղասպանության զոհերի հիշատակին, «When it comes again» երգի ընթացքում տղաներին միացավ նաև «Հայ Սուփերսթար-5» նախագծի հաղթող Սոնա Ռուբենյանը: Բեմում տղաներին նվագակցում էր նաև թավջութակահար Ալեքս Միրզոյանը:

Անդրեն ասում է, որ ապրիլի 24-ին ելույթ ունենալը շատ բարդ է, տղաները զգացմունքային այլ մակարդակի վրա են՝ ի տարբերություն սովորական օրերի: Ցեղասպանության հետ կապված Անդրեն անձնական պատմություն ունի' «Պապս Ալաշկերտից էր, տատս' Վանից: Այս երկու քաղաքներն էլ այժմ Թուրքիայի տարածքում են: Մանկուց լսել եմ պապիկիս պատմությունները գաղթի ու ջարդերի մասին»:

«Մենք գոյատևել ենք, կարծում եմ սա լավագույն ապացույցն է, որ թշնամին չի հասել իր նպատակին, մենք շարունակում են տարածել մեր լեզուն ու մշակույթը», - ասում է խմբի ստեղնաշարային գործիքահար Առլեն Շավերդյանը:

Հուզմունքով ու թախիծով լի երեկոյի ընթացքում հնչեցին նաև ուրախ թեմաներով երգեր: Տղաները ասում են'բոլորը պետք է իմանան, որ հայերը չեն հիասթափվում ու միշտ շարժվում են դեպի առաջ: Համերգը եզրափակվեց «Կիլիկիա» երգի կատարման «բյութիֆայդական» տարբերակով:

Այս թեմայով