25 Ապրիլ 2013, 12:14
2138 |

Ցանցային բողոք

Հայոց Ցեղասպանության դատապարտման պրոպագանդումը նաև հայ հակերների թիրախում է։ Ապրիլի 23-ի գիշերից սկսած հայ հակերները մի քանի թուրքական ու ադրբեջանական կայքեր են կոտրել։ Նրանց միջամտությամբ, փաստորեն, այդ կայքերի գլխավոր էջում հայտնվել են 1915-ի ցեղասպանությունը դատապարտող ջահերով երթի կադրեր ու Արա Գևորգյանի «Ադանա» ստեղծագործությունը։

Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վստահեցնում է, որ այս արարքի դրդապատճառը ոչ այդքան նրանց վնաս հասցնել է, որքան ընդվզումը ոճրագործության հանդեպ. «Մենք ցույց ենք տալիս նրանց, որ Մեծ Եղեռնի թեման մոռացված չէ»։

Մեդիա-փորձագետը տարօրինակ է համարում, որ այս փաստն ավելի շատ վրդովեցրել է ադրբեջանցիներին, այլ ոչ թուրքերին։ Նրանք, ճիշտ է, հակագրոհի չեն անցել, բայց սոցիալական կայքերում հայերի դեմ հակաքարոզչություն են սկսել։

«Թվիթերում Հայոց ցողասպանություն անունով խումբ կա, ադրբեջանցի երիտաասարդերը սկսել են այնտեղ մեղադրանքներ ու զրպարտություններ գրել մեր հասցեին։ Ու երբ մտնում ենք այդ երիտասարդների թվիթերյան հիմնական էջ, տեսնում ենք՝ նրանց նկարները փոխարինված են Ռամիլ Սաֆարովի նկարով»։

Սամվել Մարտիրոսյանն արձանագրում է՝ վերջին տարիներին կիբեր-գրոհների առումով հայերը ակտիվ չեն եղել, իսկ հարձակումների դեպքում էլ հանդիպել են հակառակ կողմի ակտիվությանը։ Նա համոզված է, որ այս անգամ էլ ադրբեջանցիները փորձել են հակագրոհ կազմակերպել, բայց քանի որ մեր թիրախային համարվող կայքերը, օրինակ՝ Ցեղասպանության ինստիտուտի կայքը, շատ լավ է պաշտպանված, նրանք արդյունքի չեն հասել։

Այս թեմայով