13 Ապրիլ 2013, 12:19
1153 |

Խզբզել սիրողը

Ապրիլի 12-ին մայրաքաղաքն անակնկալի բերած հորդառատ անձրևն ու ամպրոպը չխանգարեցին արվեստասերներին ներկա գտնվել Աբովյան 12 հասցեում գտնվող «Դալան»-ում նկարիչ Արա Հայթայանի անհատական ցուցահանդեսին: Շատերը նրան աբստրակցիոնիստ են համարում, ինքը՝ նկարիչը վստահեցնում է՝ իր աշխատանքները տարբեր ոճերի սահմանագծին են:

Ցուցասրահը երկու մասի է բաժանված, ներկայացված են «Կորուսյալ բնանկարի այլաբանություն» և «Նատյուրմորտի լուսանցքներում» խորագրերով կտավների հավաքածուները: Հեղինակն ինքնակենսագրական է համարում «Կորուսյալ բնանկարի այլաբանություն» նկարաշարը, որտեղ ներկայացված 12 աշխատանքներ: Դրանք նկարչի՝ Դալմայի այգիների ուսումնասիրության արդյունքն են, հոգեբանական քարտեզագրությունը: Նկարները միևնույն տարածքում տարիներ շարունակ արված դիտարկումներ են:

«Կորուսյալ բնանկարի այլաբանություն» նկարաշարը ստեղծելիս նկարիչը օգտագործել է հեղինակային տեխնիկան՝ ակրիլի և յուղոտ պաստելային ներկերի համադրություն: Հայթայանն ասում է, որ առաջին հայացքից նկարները յուղաներկով նկարված կտավներ են հիշեցնում, սակայն հասարակ թղթի վրա են պատկերված: Այս խորագրի նկարները առաջին անգամ ցուցադրվել են Ճապոնիայում: Ցանկությունը մեծ էր շարքը ներկայացնել նաև հայրենիքում ու լսել հայ արվեստասերերի կարծիքը:

Ճապոնիայում գտնվելու և տեղական մշակույթին ծանոթանալու ընթացքում Արա Հայթայանն իր համար նոր բացահայտումներ է կատարել: «Մեծ էր զարմանքս, երբ ծանոթացա տուշով աշխատելու տեխնիկային, տեսա՝ ինչպես են հսկայական վրձինները թաթախում տուշի մեջ, հետո էլ տրորում կտավին: Կեյկո Արայի անունով նկարչուհու հետ երկու համատեղ աշխատանք ստեղծեցինք, մեկը մնաց նրա մոտ, մյուսը հետս հայրենիք բերեցի»:

2010-ին Արա Հայթայանը Լուվրում ուսումնասիրություններ էր կատարում: Ցուցասրահներից մեկում Ֆլորիս վան Սխուտենի նոտյուրմորտից արված ճեպանկարը սկիզբ դրեց «Նատյուրմորտի լուսանցքներում» խորագրով նախագծին՝ բաղկացած 14 նկարից: «Այս նկարները միայն իմ երևակայության արդյունքը չեն: Ես ներկայացրել եմ հին քաղաքակրթությունների մշակույթից օգտվելու մեթոդը: Սկսում եմ զրոյական կետից, որն ուղղորդում է ինձ դեպի ազատության սահմանները: Իմ ազատության սահմանը նատյուրմորտն է՝ բաց ու փակ տարածքների երկխոսությունը», - ասում է Արա Հայթայանը:

1990-ականներից տարին երկու անգամ նկարիչը ուսումնասիրություններ է կատարում Փարիզի թանգարաններում: Ցուցահանդեսին ներկայացված կտավները վերջին երեք տարիների ընթացքում արված դիտարկումների արդյունք են: Մեկ ցուցահանդեսում ամփոփված, բայց երկու տարբեր տրամադրություն հաղորդող կտավները այցելուներին իրականությունից հեռանալու, բնության հետ նույնանալու և զրուցելու, կամ երանության աշխարհ տեղափոխվելու հնարավորություն են տալիս: «Մարդը տարբեր ռեժիմների կարիք ունի: Առաջին խորագրի ներքո ներկայացված կտավները մեդիտատիվ են, մյուսները՝ մարդկային անալիզի ուսումնասիրության արդյունք, շատ զգացմունքային ու դատողական», - հավելում է հեղինակը:

Արա Հայթայանը նախատեսում է ցուցահանդեսով հանդես գալ նաև Նյու Յորքում, իսկ մինչև այդ շարունակելու է սովորական արվեստագետի կյանքով ապրել, պլանավորում է փակվել արվեստանոցում ու ստեղծագործել: «Սիրում եմ խզբզել: Ինձ համար մարդկային ցանկացած խզբզոց մեծ կենդանություն ունի, մասնավորապես, մանկական խզբզանքը»: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև ապրիլի 30-ը:

Այս թեմայով