08 Ապրիլ 2013, 22:57
1859 |

Հետադարձ հայացք «Արարատ-73-ին»

2013-ին լրանում է «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակը: 1973-ին հայկական թիմը դարձավ Սովետական Միության չեմպիոն: Արկադի Անդրեասյանը 1970-ականներն «Արարատի» համար հաջող ու արգասաբեր տարիներ է համարում: 71-ին թիմը արծաթե մեդալ վաստակեց, հաջորդ տարի գրավեց 4-րդ տեղը: «Ամեն ինչից երևում էր, որ թիմը պատրաստ է ավելի նշանակալի հաղթանակների, ուժեղ խաղացողներ, լավ մարզիչ: Դարպասապահ, հարձակվող, թե պաշտպան՝ բոլորի միջև պետք է փոխադարձ կապ լինի: Խաղի ժամանակ շատ դժվար, անելանելի պահեր են լինում, իրար հասկանալ ու զգալ է հարկավոր: Ափսոսում եմ, որ «Արարատ-73-ի» ավանդույթները չշարունակվեցին: Ֆուտբոլով լրջորեն է պետք զբաղվել: Ֆուտբոլը կյանք է, բայց այսօր այն դիտում են որպես բիզնես, դրա համար էլ ոչինչ չի ստացվում»,- նկատում է Արկադի Անդրեասյանը: Նա համոզված է, որ հաղթանակների համար լավ մարզիչ է պետք: Ափսոսում է, որ «Արարատի» չեմպիոն-ֆուտբոլիստներից և ոչ մեկը մարզիչ չդարձավ, հմտությունները չփոխանցեց երիտասարդներին: Մարզչական աշխատանքի փոխարեն նրանք մտան բիզնեսի ոլորտ:

Ո՞րն էր «Արարատ-73-ի» հաջողության գրավականը, Արկադի Անդրեսայանը պատասխանում է. «Անկախ նրանից, որ մենք իսկապես շատ լավ էինք խաղում, այնուամենայնիվ, բախտը մեծ դեր խաղաց, խաղերի ժամանակ ստեղծվեցին իրավիճակներ, որոնք հօգուտ մեզ էին: Բախտ չէ, բա ուրիշ ի՞նչ է»: Նախկին ֆուտբոլիստը պատմում է, որ Հայաստանի իշխանությունները նրանց բնակարաններ նվիրեցին: Այն ժամանակ ուզածդ ավտոմեքենան ձեռք բերելը դժվար էր: Մեր չեմպիոններին հնարավորություն էր տրվել 9900 ռուբլով ԳԱԶ 24 մակնիշի մոդայիկ ավտոմեքենա գնել: «Այսօր չեմպիոններին միլիոններ են նվիրում, այն ժամանակ փող չէին տալիս, բայց ժողովուրդը մեծ փառքի էր արժանացնում նրանց»,-հիշում է Արկադի Անդրեասյանը:

Այս թեմայով