07 Ապրիլ 2013, 14:30
1369 |

«Պռեգոմեշ»-ն ու «Ես կուլամ»-ը

Ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Սիրուշոյի և «Դորիանսի» երկար սպասված համերգը: Համալիրի աստիճանավանդակին համերգի սկսվելուց շատ ավելի շուտ հավաքված ամբոխն աստիճանաբար «ներհոսեց» դահլիճ, բայց այդպես էլ ամբողջությամբ չլցրեց այն: Համերգը սկսվեց նախատեսվածից 35 րոպե ուշացմամբ, ինչը արդեն հայկական ավանդույթ է դարձել: Մինչև համերգը կսկսվեր, երկրպագուները մրցում էին միմյանց հետ, թե ով ավելի բարձր կգոռա իր սիրելի կատարողի անունը: Ինչպես և խոստացվել էր, դա երկու համերգ էր մեկ բեմում:

Երեկոն բացեց «Դորիանսը»՝ կատարելով հին ու նոր սիրված երգեր, այդ թվում՝ անցյալ տարվա եվրատեսիլյան երգը՝ This is our world-ը, որն այդպես էլ չհնչեց Բաքվի բեմում: Ռոք խումբն առաջին անգամ կենդանի կատարեց նաև Lonely planet երգը, որով մասնակցելու է «Եվրատեսիլ - 2013»-ին: «Դորիանսի» երգերն ընդմիջվում էին կիթառի ու հարվածայինների սոլո իմպրովիզացիաներով, իսկ մենակատար Գոռ Սուջյանը, ինչպես միշտ, «խաղում էր» դահլիճի հետ՝ արտիստական ժեստերով համեմելով իր յուրօրինակ ձայնը: Երկրպագուները պատրաստ էին ձայնակցել յուրաքանչյուր երգին: Ավելի քան մեկ տասնյակ երգերից հետո «Դորիանսը» շնորհակալություն հայտնեց և հեռացավ՝ դիտավորյալ հրաժեշտ չտալով:

Սիրուշոյի երկրպագուները համբերատար սպասում էին երգչուհու ելույթին, որը սկսվեց սիրված ու ճանաչված «Քելե, քելե» երգի միքսից: Համերգի ընթացքում Սիրուշոն բեմ հրավիրեց ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանին, ում նվագակցությամբ կատարեց Inside և «Հեռանում եմ» երգերը: «Դորիանսի» երաժիշտները մի պահ կրկին հայտնվեցին բեմում՝ նվագակցելու Սիրուշոյին, որը ռոք մշակմամբ մատուցեց «Հավատում եմ» երգը: Ի դեպ, չի բացառվում, որ այս տարբերակով այն ավելի շատ սիրվի: Վերջում երգչուհին առաջին անգամ կենդանի կատարեց նաև «ՊռեԳոմեշ» երգը` պարային համույթի հետ:

Իհարկե, ամբողջ երեկոյի ընթացքում հանդիսատեսը երկու կատարողների զուգերգին էր սպասում և ստացավ այն: Պարզապես դա ոչ թե զուգերգ էր, այլ, եթե կարելի է այդպես ասել, երգերի փոխանակություն. ռոք խմբի նվագակցությամբ Սիրուշոն կատարեց «Ես կուլամ»-ը, իսկ Գոռը՝ «ՊռեԳոմեշ»-ը: 

Միջոցառման ավարտից հետո Սիրուշոն խոստովանեց, որ համերգն ինչ-որ առումով նաև աջակցության քայլ էր «Դորիանսին»՝ «Եվրատեսիլում» ելույթ ունենալուց առաջ: Երաժիշտները չխոստացան, բայց և չբացառեցին հետագա համագործակցության հնարավորությունը, այդ թվում՝ համատեղ երգի ձայնագրում կամ տեսահոլովակի նկարահանում:

Այս թեմայով