05 Ապրիլ 2013, 12:41
1238 |

Առեղծվածային ատկատը

Ատկատ ոչ հայերեն բառը շատ սահուն և աննկատ մտավ մեր բառապաշար և պահանջեց ժամանակ առ ժամանակ իրենով լրջորեն զբաղվել: Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացված պետական գումարները չեն մարսվել, որակումը՝ ատկատ: ԶԼՄ-ները տարածեցին մի սահմռկեցնող թիվ՝ յուրացվել է 700 մլն դրամ, հետո ուռճացված թիվը մեղմվեց՝ ընդամենը 20 մլն-ից ավելի: Անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին քաղաքաշինության նախարարության վարչության պետ Գոռ Քամալյանին իրավապահ մարմինները ձերբակալել են, նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Ենթադրվում է 6 տարվա ազատազրկում:

Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարում է, որ իր պաշտպանյալին ձերբակալել են անհիմն, որ նա ոչ մի կապ չունի ատկատների հետ, առաջադրված մեղադրանքը զուրկ է պատճառներից: Գոռ Քամալյանն անցյալ տարվանից կալանավորված է, դիմումներին հակառակ գործը չի մտնում դատարան: Ալեքսանդր Սիրունյանը վստահ է, որ պատճառը մեղադրանքի բացակայությունն է: Խնդիրն այն է, որ Ազգային գրադարանի ատկատների գործով հիմնական մեղավորը կապալառու կազմակերպության ղեկավարն է, որը մահացել է և փաստորեն նրան չեն կարող դատել: Փաստաբան Սիրունյանը մատնանշում է տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությանը, որին էլ հենց, իր կարծիքով, պետք է մեղադրանք առաջադրվի: Վերջինը, որպես իր գործառույթներն իրականացնող իրավասու մարմին, պարբերաբար Գոռ Քամալյանին է ներկայացրել վերահսկողության արդյունքները՝ փաստաթղթեր շինարարության գոհացուցիչ որակի, օգտագործված շինանյութի մասին, որոնք էլ Քամալյանը հաստատել է:

Փաստաբանը պահանջում է, որ իր պաշտպանյալին առաջադրվի գոնե այլ մեղադրանք, որ նա անփույթ է գտնվել, ոչ թե չարաշահել է պաշտոնական դիրքը: Նա ավելացվում է, որ իրավապահ մարմիններն անմեղ մարդու են մեղադրում ատկատների հարցում և հանիրավի թույլ չեն տալիս իրեն գործին ծանոթանալ: Գործի նախաքննությունը գաղտնի է պահվում:

Այս թեմայով