01 Ապրիլ 2013, 20:11
1458 |

Նիկոլայ Ծատուրյանի ապրիլմեկյան խոհերը

Ապրիլի 1-ը մեր մտավորականների ու արվեստագետների համար արժեվորվում է իրենց հետ կատարված հումորային դիպվածներով։ Խորեն Աբրահամյանն ասում էր, որ այդ օրն իրեն ոչ մեկն ու ոչ մի բան չի կարող ծիծաղեցնել, որովհետև ամենածիծաղելին արդեն եղել-պրծել է' ապրիլի 1-ին ինքն է ծնվել։

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն ամեն ապրիլմեկի հիշեցնում է. «Գիտե՞ք, փորս ինչու է այսքան մեծ, որովհետև մեջը լիքը չիրականացված պիեսներ ու սցենարներ են»։ Նա համոզված է, որ թատրոնը երբեք չի մեռնի, քանի կա հայոց խորհրդարանը․ «Իսկական թատրոնը հենց խորհրդարանում է, թատրոնը ո՞նց կմեռնի»։ Գնահատելով հումորի դերն ու արժեքը և այն մեծապես կիրառելով կյանքում' Նիկոլայ Ծատուրյանը մեջբերեց իր Facebook-յան վերջին կատակը։ Պատմում է.« Գրեցի' նախագահական հաջորդ ընտրություններին թեկնածությունս դնելու եմ ու այսպիսի ծրագիր եմ ներկայացնելու.

1.Պայմանավորվել եմ մասոնների հետ, որ ինձ վրա կրակեն։
2. Աշխատում եմ նոր էպոսի վրա, որովհետև մեր «Սասնա ծռերը» հնացած է։
3. Մի ավիաուղևոր եմ գտել, որի կյանքն ինքնաթիռում պիտի վտանգվի ու ես փրկեմ։
4. 3 ամսով հացադուլ եմ անելու, եթե չդիմացա, ավելի լավ, երկիրը կազատվի ևս մի սարսաղից։
Գիտե՞ք ինչքան արձագանք եմ ստացել։ Իսկ ընդհանրապես մեր հումորը մակերեսային, մեկանգամյա օգտագործման է։ Իսկական հումորը պետք է խորքային լինի, ինտելեկտուալ։ Այդպիսի հումոր ուներ Վարդան Աճեմյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը»,- ավարտեց Նիկոլայ Ծատուրյանը։

Նա ուղղակի չի հասկանում' հեռուստաակումբների հումորիստների ո՞ր արարքի կամ ասածի վրա է ծիծաղում հանդիսատեսը։ Կոպիտ է, բայց նրա բնորոշումն է' «խրխնջիստ». նրանք են, ովքեր ծիծաղից մեռնում են ամենատարրական բովանդակությունից զուրկ, տափակ կատակների վրա։

Այս թեմայով