31 Մարտ 2013, 15:09
2365 |

Pushkin Street-ը Բաղրամյան 1/1-ում

Բազմաթիվ արտասահմանցիներ, ուրախ ու զվարթ երիտասարդներ, օդում գարեջրի ու ծխախոտի հոտ, այս ամենը հուշում էր, որ Music Factory-փաբում ինչ-որ բան է կատարվելու: Կատարվելիքն իր սահմանած ժամից հայկական տարբերակով ուշացավ մոտ երեսուն րոպե, բայց այդ ընթացքն էլ լի էր ակտիվ անցուդարձով:

Երեկոյի գլխավոր դերը ամերիկահայ երաժիշտ Րաֆֆի Վարդանյանինն էր: Նա անհանգիստ անցուդարձ էր անում փաբով, պատրաստվում իր ելույթին և նոր'Pushkin Street կոչվող ձայնասկավառակի շնորհանդեսին: Նրան կարողացա մի քանի րոպեով բռնեցնել ու հարցրի, թե ինչու է ձայնասկավառակն այդպես կոչվում: Պարզվեց՝ պատասխանը շատ տրամաբանական է՝ Րաֆֆիի նախորդ համերգները տեղի են ունեցել Պուշկին փողոցի փաբերում, այդտեղից էլ անվանումը: Ես էլ կատակով հավելեցի' հնարավոր է, որ մյուս ձայնասկավառակը կոչվի' ասենք, Բաղրամյան 1/1: Ի պատասխան նա ծիծաղեց ու ինձ մեկնեց իր այցեքարտը, ապա արագաշարժ երաժիշտն անցավ իր առաքելությանը: Նա և ևս մեկ զուգակցող կիթառահար բացեցին այս բարեգործական համերգը: Նոր ձայնասկավառակի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու էր ONEArmenia կազմակերպությանը, որը աջակցում է բռնության երթարկված կանանց համար ստեղծված կացարաններին:

Շուտով Րաֆֆիին միացան նաև նրա երաժիշտ ընկերները, ովքեր էլ ավելի թեժացրին ռոք մթնոլորտը, որը մի տեսակ նաև բարությամբ էր ողողված, չէ որ հիմքում բարեգործությունն էր: Երեկոն ընթանում էր սահուն, հավաքվածները զրուցում էին, ունկնդրում լավ երաժշտություն և պարբերաբար մոտենում ձայնասկավառակներով լի սեղանին՝ բռնության երթարկված կանանց օգնության գործում իրենց փոքրիկ ներդրումն անելու: 

Այս թեմայով