30 Մարտ 2013, 16:10
3341 |

Սուրբ Զատիկը` հին հայկական խորհուրդներով

Ավագ շաբաթվա բոլոր օրերն, ըստ իրենց նշանակության, եկեղեցին ու հավատացյալներն արժեվորեցին` առաջնորդվելով Մեծ պահքի կանոններով։ Հին հայերն էլ են այդ օրերը բոլոր ծիսակարգերով նշել` այդ ընթացքում պատրաստվելով Սուրբ Զատկի կիրակի օրվա տոնին։ Առաջնայինը սերմեր ծլեցնելն էր, որն ինքնին ժամանակ է պահանջում ու հարկավոր է  այն վաղ նախաձեռնել։ Գարի, ցորեն, կանեփ, սիսեռ, ոսպ նույն սկուտեղի մեջ են աճեցվել, իսկ 10 օր հետո սեղանին դրվել խիտ, բազմատեսակ  կանաչով զարդարված 12 կարմիր հավկիթները։ Անպայման 12`տարվա 12 ամիսների խորհրդով։ Հավկիթները հայերը միայն կարմիր են ներկել, որը խորհրդանշել ու արժևորել է Քրիստոսի արյունը։

Մամիկիներն ընտանիքի անդամներից, հատկապես երեխաներից թաքուն Ակլատիզ տիկնիկ են գործել, որի գլխի մեջ ձու են տեղադրել ու առավոտյան անակնկալ մատուցել։ Ընդհանրապես Ակլատիզն ու Ուտիս տատը խորհրդանշել են գերդաստանի մեծերի` տատ ու պապի կերպարները, որոնք պահպանում են ընտանիքը, կառավարում այն, հետևում, որ ընտանիքում համերաշխությունը տիրի։ Հին հայերը խաչի տեսքով ամաններ են պատրաստել ու մեջը ցորեն աճեցրել։ Ծաղկած խաչը խորհրդանշել է այն խաչափայտը, որի վրա բարձրացրել են Քրիստոսին, և որը հետո դարձել է պաշտամունքի առարկա։ Սովորույթներից մեկն էլ մատաղն է եղել, գառ կամ ոչխար են զոհաբերել, բաժանել հարևաններին։ Հայուհիներն իրենց մտքի ու ձեռքի շնորհքով են զարդարել Զատկի սեղաններն ու բնակարանները։ Գունավոր թելերից հավկիթներ են հյուսել, զանազան տիկնիկներ գործել ու դրանցով զարդարել Կենաց ծառը։ Այն բոլոր տներում է եղել` ի նշան շարունակվող կյանքի։ Զատկական  Կենաց ծառը հին հայերը պատրաստել են Ծաղկազարդի տոնից մնացած ճյուղերից։

Տոնական սեղանին անպայման խնջլոզ են դրել, այն համարվում է գարնան ուտելի առաջին բույսը`սոխուկով ու կանաչ ցողունով։ Խնջլոզը խաշել են, համեմել քացախով ու աղով։ Մեր ազգային ավանդույթներից մեկն էլ Զատկի սեղանին աքլոր դնելն է եղել։ Հայերն աքլորը համարել են տիեզերքի խորհրդանիշ։ Նրանք համոզված էին, որ աքլորը լսում է երկնքի, տիեզերքի ձայներն ու դրանց մասին զգուշացնում մարդկանց։ Չէ՞ որ աքլորն է արթնացնում խոր քնած մարդուն` իր տիրոջը։ Իսկ հնում այսպիսի համոզմունք է եղել` քնած մարդը նույն է, թե նա մեռած լինի, ու աքլորը նրան զգոն ու սթափ է պահում միշտ։

Այս թեմայով