29 Մարտ 2013, 16:14
1653 |

Ազգայի՞ն, թե՞ քրիստոնեական

Ի՞նչն արժևորել Սուրբ Զատիկի տոնին, ինչպե՞ս վերաբերվել տոնական ուտեստների պատրաստմանը. ժուժկալությո՞ւն, թե որոշակի առատություն հաղորդել մեր սեղաններին։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը հորդորում է չհեռանալ հայկական ավանդույթներից, տոնին հաղորդել ազգային շունչ ու ոգի։ « Չմոռանանք մեր ծեսերը, հարուստ խոհանոցի կերակուրները, որոնք հետզհետե մոռացության են մատնվում. մոտ լինենք բնությանը, հին հայերն այն փառաբանել են », - կոչ է անում խոհարարը։ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը հակադարձում է Սեդրակ Մամուլյանին. «Սուրբ Զատիկը բնության զարթոնքի, ազգային ակունքներին վերադառնալու խորհուրդ ամենևին էլ չունի։ Չի կարելի Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը վերածել ճոխ կերուխումի, սեղանները զարդարել, հարկավոր է տոնին մոտենալ մեր Տիրոջ ինքնազոհությունը գնահատելու, արժևորելու, փառաբանելու գիտակցումով »։ Քահանան հիշեցնում է, որ Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից ու վերադարձ առ Աստված։

Սեդրակ Մամուլյանը նկատեց, որ դժվարացել է պատասխանել 9-ամյա որդու հարցին. «Հայրիկ, հեռուստացույցով ցուցադրում են հրեաների՝ Եգիպտոսի լծից ազատվելու պատմությունը, մենք ի՞նչ կապ ունենք հրեաների ու նրանց տոնի հետ »։ Մամուլյանի կարծիքով՝ քրիստոնեական տոնի արժեքն ու նշանակությունն ամենևին էլ չանտեսելով՝ պետք է Զատկի նախաքրիստոնեական ակունքներն էլ վեր հանել ու ժողովրդին հիշեցնել։ Նա վստահ է, որ ազգային ծեսերը մոռանալով՝մենք մեր հարևաններին հնարավորություն ենք տալիս յուրացնելու հայկական խոհանոցը, ազգային արժեքներն ու մշակույթը։ Այդպես թուրքերը յուրացրին հարիսան, ադրբեջանցիները՝ թառը։ Կասկածի տակ են առնված խաղողագործության հայկական արմատները։ « Ինչո՞ւ են Զատկին ձուկը միայն խաշում, երբ հայկական խոհանոցում պատրաստման տասնյակ եղանակներ կան, ինչո՞ւ բրնձով փլավ և ոչ թե կորկոտով, բլղուրով, ձավարով ու չրերով, անուշեղենով քաշովիներ։ Ի վերջո, ունենք գաթա, փախլավա, ինչո՞ւ կուլիչներ», - հարցնում է Սեդրակ Մամուլյանը։

Տեր Նիկողոսի պատասխանը նույնն է՝ կարևոր չէ սեղանին ինչ կլինի, կարևորը՝ քրիստոնեական հավատով, աղոթքով, մաքրված հոգով ու մարմնով դիմավորել Սուրբ Զատիկը, որից առաջ գերադասելի է մասնակցել պահքին։

Խոհարան ու քահանան այդպես էլ հայտարարի չեկան։ Սեդրակ Մամուլյանը հիշեցրեց, որ դեռ նախաքրիստոնեական շրջանում հայերը ձվակռվի ծես, ձու ներկելու, զարդարելու հզոր մշակույթ են ունեցել ու դրանից վերադառնալով՝ չի նշանակում քրիստոնեական հավատքից հետ կանգնել կամ անժուժկալություն դրսևորել։

Այս թեմայով