27 Մարտ 2013, 21:31
1967 |

Երեք չեխական փաստարկ

Հայաստանի հավաքականը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը Ֆուտբոլի աշխարհի 2014 թ.  առաջնության ընտրական փուլում: Չեխիայի թիմը, որը սեփական հարկի տակ չորս օր առաջ 0:3 ջախջախիչ հաշվով զիջել էր Դանիայի հավաքականին, Երևանում նույն հաշվով հաղթեց մեր ազգային հավաքականին:

Խաղի նախօրյակին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կողմերի հնարավորությունները հավասար գնահատեց: Այլ կարծիքի էին բուքմեյքերները, ովքեր ավելի շատ հավատում էին չեխերի հաղթանակին: Պարզվեց՝ նրանք իրավացի էին: Երևում է՝ նրանք իրատեսորեն էին գնահատել ինչպես չեխական թիմի ուժը, այնպես էլ Վարդան Մինասյանի կադրային դժվարությունները. որակազրկման պատճառով բացակայում էին Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Հրայր Մկոյանը, վնասվածքնոր ունեին Լևոն Հայրապետյանը և Արաս Օզբիլիսը (վերջինս երկրորդ խաղակեսում, այնուամենայնիվ, մտավ խաղադաշտ): Հայաստանի հավաքականի մարզիչը հարկադրված էր ձևափոխել պաշտպանության համարյա ամբողջ գիծն ու կիսապաշտպանության հենակետայինի գոտին: Ավաղ, հայկական թիմի խաղը խախտվել էր. պաշտպանությունն անընդհատ ճեղքվածքներ էր տալիս, հենակետային կիսապաշտպանները զիջել էին դաշտի կենտրոնը, իսկ առաջ մղված Յուրի Մովսիսյանը աջակցություն չէր ստանում: Բացի այդ,նրան կիպ հսկում էին չեխ պաշտպանները: Արդյունքում մենք ականատես չեղանք հայ ֆուտբոլիստների` արդեն սովորական դարձած սրընթաց հարձակումներին, իսկ մրցակիցն աստիճանաբար խաղի թելերն իր ձեռքը վերցրեց: Յարոսլավ Պլաշիլը և երկու Տոմաշները՝ Ռոսիցկին և Խյուբշմանը, վստահորեն ղեկավարում էին իրենց խաղընկերների գործողությունները:

«Հանրապետական» մարզադաշտը ալեկոծվում էր, լեփ-լեցուն տրիբունաները ոգևորում էին մեր ֆուտբոլիստներին: Սկզբում ամեն ինչ կարծես թե լավ էր ընթանում, ոչինչ չէր գուժում դժբախտության մասին: Եվ առաջին խաղակեսում կողմերի ուժերն իսկապես հավասար էին: Սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռոման Բերեզովսկու դարպասը խփած գնդակը (աչքի ընկավ Մատեյ Վիդրան) անմիջապես փոխեց խաղի ընթացքը: Թվում է, բաց թողած մեկ գնդակը հավասար խաղում և բավականաչափ ժամանակ ունենալու պարագայում բավական իրական էր հետ բերել. սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ չեխերը տակտիկապես շատ գրագետ վերակառուցեցին խաղը, մինչդեռ մեր հավաքականի զինանոցում փրկարար «Բ» պլան չգտնվեց: Արդյունքում Հայաստանի հավաքականը մնացած ժամանակահատվածում իրական սպառնալիքներ չստեղծեց հուսալի խաղ ցուցադրող Չեխի դարպասի մոտ:

Չօգնեցին նաև Վարդան Մինասյանի կատարած փոփոխությունները, ով խաղադաշտ մտցրեց իր  հարձակողական ողջ ներուժը՝ Արաս Օզբիլիսին, Արթուր Սարկիսովին և Դավիթ Մանոյանին: Մեր ֆուտբոլիստների հուսահատ և անշրջահայաց հարձակումները, ինչպես նաև անփույթ խաղը պաշտպանությունում հանգեցրեցին ևս երկու գոլերի սեփական դարպասում: Երկրորդ գնդակը դարձյալ հեղինակեց «Ուոթֆորդի» հարձակվող Մատեյ Վիդրան, ով, ի դեպ, նախորդ օրը ճանաչվել էր անգլիական Չեմպիոնշիփի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ երրորդ գոլն իր հաշվին գրանցեց փոխարինման մտած Դանիել Կոլարժը:

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսիում Չեխիայի հավաքականի մարզիչ Միխալ Բիլեկը չթաքցրեց, որ հավատում էր իր ֆուտբոլիստների հաղթանակին՝ զուգահեռաբար նշելով նրանց դրսևորած բարձր պատասխանատվությունը: Վարդան Մինասյանն իր հերթին նշեց, որ հաղթեց այն թիմը, որն առաջինը հասավ հաջողության:

Հայաստանի հավաքականը մնաց В խմբի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում, իր ակտիվում ունենալով միայն «մալթյան» երեք միավորները: Ի դեպ, հերթական խաղը մեր թիմը կանցկացնի հունիսի 7-ին Երևանում հենց նույն Մալթայի հավաքականի հետ: Չեխերի հետ սկզբունքային խաղում կրած պարտությունը վերջնականապես զրկեց մեզ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարելու աղոտ հնարավորությունից:

Այս թեմայով